00:03  ,  5 նոյեմբերի, 2020

Էրիկ Վարդանյանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլային փոխանցումով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլային փոխանցումով:

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 9-րդ տուրում «Սոչիի» Մ-19 թիմը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:

Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատությունից վերականգնվելուց հետո անցկացրել է առաջին հանդիպումը՝ խաղալով «Սոչիի» մեկնարկային կազմում: 38-րդ րոպեին  22-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա փոխարինվել է 57-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը «Սոչիի» կազմում մարզումները վերսկսել է հոկտեմբերի 11-ից: Նա նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում