14:30  ,  16 մարտի, 2012

Գոքոր Չիվիչյան. Հայաստանում բիզնես սկսել չեմ ցանկանում եւ երբեք չեմ էլ մտածի այդ մասին

Հայաստանում բիզնես սկսել չեմ ցանկանում եւ երբեք չեմ էլ մտածի այդ մասին, միայն  կօգնեմ իմ հայրենակիցներին, բայց այստեղ գումար չեմ աշխատի:

Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց այս օրերին Հայաստանում գտնվող  ԱՄՆ-ի «Հայաստան» ակումբի նախագահ, առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոն Գոքոր Չիվիչյանը: Նա Հայաստանում է՝ մարտի 18-ին Երեւանի «Գիզա» ակումբում կայանալիք Արմֆայթինգ եւ K–1 մարզաաձեւերի վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար:

«Մի քանի օրով եմ Հայաստանում: Իմանալով, որ մրցումներ են լինելու, ցանկություն հայտնեցի ականատես լինել: Եկել եմ Լոս-Անջելեսից, որտեղ ապրում եմ արդեն շուրջ 32 տարի:  Այնտեղ արմֆայթինգ սպորտաձեւը մեծ զարգացում ունի, սիրված է թե տեղի բնակիչների, թե այնտեղ ապրող հայերի կողմից: Այնտեղ մրցումներ հաճախ են անցկացվում եւ ոչ միայն Լոս Անջելեսում, այլ ամբողջ Ամերիկայում եւ աշխարհում: Եվրոպայի 43 երկրներում ունեմ դպրոցներ, եւ 27 դպրոց էլ Լոս Անջելեսից դուրս՝ ամբողջ ԱՄՆ-ում: Դպրոցները կոչել եմ «Հայաստան», սակայն պետք է նշեմ, որ այնտեղի հայերը իմ գործունեությանն այդքան էլ ծանոթ չեն: Սրանք բիզնեսներ են ինձ համար: Ես ամեն մի քաղաք, ուր գնում եմ գումար եմ աշխատում իմ այդ դպրոցներով: Բայց Հայաստանում դպրոց չեմ ուզում բացել: Նախ արդեն մեկը կա, եւ հետո՝ ես այստեղ բիզնես չեմ եկել անելու եւ Հայաստանում բիզնես դնել չեմ ուզում: Այստեղից երբեք գումարներ չեմ աշխատի, մյուս երկրների համեմատ: Կօգնեմ որքան հնարավորություններս թույլ կտան»:

Կայանալիք հայաստանյան մրցաշարը Գ. Չիվիչյանը դիտելու է մարզչի աչքերով: Նրան կայանալիք մրցաշարում հետաքրքրել է հայ երիտասարդների մասնակցության փաստը:

« Ես անձամբ մրցաշարին չեմ մասնակցելու: Ավելի քան 20 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ արմֆայթինգով, մասնակցել եմ պրոֆեսիոնալ մարտերի: Այժմ արդեն իմ ժամանակն անցել է  ռինգում մեմանամրտելու համար: Աժմ մարզիչ եմ եւ երեխաներին եմ սովորեցնում: Մարտերը կդիտեմ, որպեսզի հասկանամ, թե հայ մարզիկները որքան մոտ են կամ հեռու մեզանից, թե արդեն իրենց տեխնիկայով եւ ուժերով արդեն անցել են մեզանից»:

Հայաստանում արմֆայթինգի ֆեդերացիայի հետ Գ. Չիվիչյանը համագործակցում է արդեն 6 տարի: Համագործակցությունը միայն օգնության տեսքով է: Ասում է՝ «մեկս մյուսին ուղղություն կտանք միայն, բայց չենք խանգարի»:

Հայաստանում նոր զարգացում ապրող արմֆայթինգ՝ մարտեր առանց  կանոնների մարզաձեւի մասին Գ. Չիվիչյանն ասաց, որ այստեղ միայն զարգացած է դեռ արմֆայթինգի MMA ճյուղը:

«Դպրոցը լավ հիմք ունի՝ Հայկ Ղուկասյանի գլխավորությամբ, բայց սուտ կլինի, որ ասեմ կհասնի այն մակարդակին, ինչ կա դրսում: Մրցումները դեռեւս այն մակարդակը չունեն, ինչ ԱՄՆ-ում է կամ Եվրոպայում: Բայց ապագա այս սպորտաձեւը Հայաստանում միանշանակ ունի: Իմ աշակերտների մեծամասնությունը համաշխարհային մակարդակի տղաներ են: Ինձ համար աշխարհի առաջնությունն այն է, երբ 30-40 երկրներ են մասնակցում: Իմ աշակերտները այս երկրների շարքում են չեմպիոններ: Աշակերտներիս թվում ունեմ նաեւ աղջիկ աշխարհի չեմպիոն՝ Ռանդա Ռաուզին է: Իսկ այստեղ որքան տեղյակ եմ՝ աղջիկ մարզուհիներ չունենք: Այս իմաստով՝ Հայաստանը դեռ հետ է»,- ամփոթեց Գոքոր Չիվիչյանը: 

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում