17:23  ,  11 հոկտեմբերի, 2020

Մարիա Գեւորգյան․ Հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ, ապշեցնող տղերք եւ ամուր թիկունք

Կյանքում, սպորտում առաջնորդվել եմ՝ «չկա վատ ազգ, կան վատ մարդիկ» կարգախոսով: Տեսնելով արցախա-ադրբեջանական պատերազմում հակառակորդի իրական դեմքը, այդ հասարակության վարքը, կարծիքս սկսել եմ փոխել: Այս պատերազմում մենք հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ, ապշեցնող տղերք եւ ամուր թիկունք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գեւորգյան:

Գրոսմայստերն այս օրերին միացել է Armenian Social Media Army թիմին եւ կամավորական աշխատանքով ակտիվ աջակցում է  մեդիադաշտում տարվող տեղեկատվական պատերազմին:

Մարիա, երկու շաբաթ ադրբեջանա-թուրքական զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ շփման գծի ամբողջ երկայնքով թիրախավորեցին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը:

Խիստ դատապարտում եմ Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները: Չի կարելի 21-րդ դարում այսպես «չոբանավարի» հարձակվել Արցախի վրա, հետո կանգնել ասել՝ մենք չենք առաջինը հարձակվել, հետո հրաժարվել սեփական խոսքից, ասել՝ հա, մենք ենք հարձակվել: Ասես՝ խաղ լինի:

Զարմանում եմ, որ միջազգային հանրությունն այսքանը չի տեսնում: Շատ վրդովված եմ, որ հրադարի համաձայնությունից հետո նորից կրակոցներ են հնչում: Շատ անհանգիստ եմ այս պատերազմական վիճակով: Առաջին օրերին չէի կարողանում քնել, չնայած ոգիս տեղն էր: Հիմա ավելի մարտական ոգով եմ լցված: Առաջին մի քանի օրը ոչինչ չէի անում, սպասողական վիճակ էր, նորություններին էի անդադար հետեւում: Հետո զարմիկս գնաց առաջնագիծ, ընկերներիցս շատերն են այնտեղ: Այսպես ամեն վայրկյանն անցնում է առաջնագծից լուրի սպասելով: Օրս ավարտվում է զարմիկիս զանգով, իմանում ենք՝ լավ է, փոքր-ինչ թեթեւանում ենք, բայց լարվածությունը պահպանվում է:

Ես ուղղակի ապշած եմ 18-19 տարեկան տղաների մարտական ոգով, խիզախությամբ, պատրաստակամությամբ ամեն ինչ անել հայրենիքի համար: Զարմացած եմ, թե մեր զինվորներն ինչ ճշգտրությամբ են ընտրված թիրախները հարվածում, ինչպես են կատարում իրենց հանձնարարությունները:

Շախմատում՝ զինվորներն առջեւում են, մյուսները թիկունքում, եւ ամեն խաղաքար իր դերն ու կարեւորությունն ունի: Մենք էլ ենք այսպիսի պատերազմ տանում՝ զինվորներն առջեւում, մենք՝ թիկունքում: Կփորձեմ այսպես իմ հնարավորություններից առավել թիկունքից զինվորներին աջակցել: Եթե կարիք լինի, առանց մեկ վայրկյան վարանելու, կմիանամ նրանց: Սկզբում ուզում էի կամավորագրվել, բայց հետո հասկացա, որ թիկունքում էլ կարող եմ մեծ աշխատանք տանել եւ օգնել բանակին այս պատերազմում: Հաղթելու ենք, քանի որ ունենք հզոր բանակ եւ ամուր թիկունք:

Ըստ քեզ՝ միջազգային հանրության անտարբերությունն ինչո՞վ է պայմանավորված:

Շատ վատ եմ վերաբերում միջազգային հանրության լռությանը: Մի տեղ, որտեղ կան տեռորիստներ, չի կարելի այսպես աչքաթող անել: Զարմանում եմ՝ ինչու որոշ երկրներ խիստ դիրքորոշումներ չեն տալիս եւ իրենց խոսքը չեն ասում: Իմ կարծիքով առաջին օրերին միջազգային հանրությունն ավելի շատ փորձում էր հասկանալ՝ ինչ է կատարվում, բայց ժամանակի ընթացքում մի փոքր կոտրվեց այդ անտարբերությունը մեր ճիշտ քայլերի շնորհիվ:  

Վերջերս լսում էի Եվրախորհրդի նիստը: Հասկացա, որ դեռ կան այնտեղ մարդիկ, որոնք ընդհանրապես գաղափար չունեն ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Արձանագրեցի նաեւ ուրախալի փաստ, որ նույն Եվրախորհրդում կան մարդիկ, որոնք տեսնում եւ ճիշտ են գնահատում իրականությունը, ու նրանք մեծամասնություն են կազմում: Խնդիրն այն է, որ ինչ մենք ասում ենք, ինչ հասցնում ենք միջազգային հանրությանը, ժամանակ է տանում մինչեւ համոզվում են դրա իսկության մեջ:  

Այսինքն՝ թերանո՞ւմ ենք ինֆորմացիան ժամանակին հասցնելու առումով:

Այս պահին արդեն ինֆորմացիան ճիշտ ժամանակին եւ տեղին հասցնելու խնդիր չկա: Եթե մինչ այս կային ինչ-որ խնդիրներ, թերություններ, ապա հիմա ամեն ինչ այլ է, եւ մեդիա ոլորտը շատ լավ է աշխատում այդ ուղղությամբ: Վստահ կարող եմ ասել, որ արդեն ամեն ինչ, ամբողջ ճշմարտությունը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին հասնում է միջազգային հանրությանը: 

Մարիա, դու միացել ես Armenian Social Media Army վիրտուալ հայկական բանակի խմբին: Ինչպե՞ս որոշեցիր քո մասնակցությունն ունենալ վիրտուալ «պատերազմում»:

Երբ ես գնացի Armeninan Social Media Army, թիմը դեռ նոր էր ձեւավորվում: Գաղափարը մեկն էր՝ ինչպես մեր զինվորներն են առաջնագծում պատերազմ տանում, մենք էլ պատերազմ պետք է տանենք մեդիա ոլորտում: Առաջին մի քանի օրերը դժվարությամբ էինք աշխատում՝ հրապարակումներով, կարճ տեղեկություններով փորձում էինք լսելի դարձնել մեր ձայնը, մասնավորապես միջազգային հանրության չեզոք շերտի համար:

Մի օր առավոտյան արթնացա եւ տեսա, որ մեր թիմը ադրբեջանական 13 հեռուստաալիք է կոտրել եւ վիդեոհաղորդագրություն ուղարկել այդ երկրի դիկտատորի մասին: Իմ կարծիքով, հենց այդտեղից աճեց ASMA-ի վարկանիշը: Ահռելի մեծ աշխատանք է կատարվում այս թիմում, գրասենյակում, դրանից դուրս: Մեր գերխնդիրն է՝ մաքսիմալ ինֆորմացնել, մաքսիմալ ճիշտ ինֆորմացիա տալ: Սոցիալական ցանցերում մաքսիմալ շատ հարթակներում թիմի անդամներից յուրաքանչյուրս մեր պատերազմն ենք տանում մեդիայում: Armenian Social Media Army-ի կամավորական աշխատանքին ինձ հետ միասին միացել է նաեւ լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Վահան Մխիթարյանը։

Քանի՞ լեզուներով են թարգմանվում նյութերը:

150 թարգմանիչ ունենք, որոնք ամեն վայրկյան տարբեր լեզուներով թարգմանում են յուրաքանչյուր նոր ինֆորմացիա: Ես աշխատում եմ facebook-ի թիմում, բայց նաեւ շատ ակտիվ եմ Twitter-ում եւ մյուս հարթակներում: Հիմա մի նախագծի վրա ենք աշխատում, բայց դեռ չեմ ցանկանա դրա մասին խոսել: Արդյունքը հենց արդարացնի բոլորիս սպասելիքները, վստահ կխոսենք:

Ըստ քեզ՝ մեդիա պատերազմում ո՞ր հարթակի ուղղությամբ պետք է առավել մեծ աշխատանք տանել:

Twitter-ի, քանի որ միջազգային հանրությանն ավելի հասանելի է: Այստեղ հեշթեգերն(#) ավելի ճիշտ են աշխատում եւ ցանկացած post ծառայում է իր նպատակին, բայց սա չի նշանակում, որ պետք է աչքաթող անենք մյուս հարթակները: Այս պահին բոլորն էլ շատ կարեւոր են մեր խոսքը, ձայնը, իրականությունը հասանելի դարձնելու համար:

Մարիա, սպորտը եւս անմասն չի մնում արցախա-ադրբեջանական կոնֆլիկտից:  Ինքդ պարբերաբար թիրախավորվում ես հակառակորդի  կողմից: Ինչպիսի՞ն կլինի այս պատերազմի անդրադարձը մեծ սպորտի վրա:

Այո, մենք մարզիկներս նույնպես նրանց թիրախում ենք: Նախորդ տարի իրենց «արմենոֆոբիայի» վառ ապացույցին ականատես եղա, իհարկե, ավելի դիպլոմատիկ մակարդակով. ադրբեջանցի մարզիկների բողոքների պատճառով չկարողացա մասնակցել Թուրքիայի մրցաշարին:  Այն ժամանակ ես մտածում էի՝ դա մեկ մարդու արած է, մնացածը կապ չունեն, այն կարգախոսով էի առաջնորդվում, որ «չկա վատ ազգ, կան վատ մարդիկ»: Հիմա վերաբերմունքս միանշանակ այլ է, սկսում եմ կարծիքս փոխել: Ցանկացած մրցաշարում, խաղից առաջ երբեք չեմ մտածել՝ մրցակիցս ադրբեջանցի է, թուրք է, թե այլ ազգի: Ինձ համար նշանակություն չի ունեցել, քանի որ դա սպորտ է: Հետագայում էլ կփորձեմ սպորտում չեզոքությունս պահպանել եւ նրանց վերաբերվել, ինչպես բոլորին, թեկուզ լարվածությունը մի փոքր ավելի շատ լինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով