09:02  ,  10 հոկտեմբերի, 2020

Մարտին Բերբերյանն՝ ԱՄՆ-ից․ Մեր միասնականությամբ մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում

Ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին: 

Մարտին Բերբերյանն ապրում է ԱՄՆ-ում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոնը պատմեց, որ այս օրերին ակտիվ մասնակցում է ամերիկահայության բողոքի ցույցերին, որի նպատակը ամերիկյան հեռուստաընկերությունների ուշադրությունը Արցախում ընթացող պատերազմի վրա կենտրոնացնելն է եւ իրականությունը ներկայացնելը:

«Ինձ շատ տխրեցնում է այն, ինչ կատարվում է Արցախում: Կուզենամ՝ մեկ րոպե շուտ այս ամենը վերջանա: Ամբողջ աշխարհը պետք է դատապարտի այդ «վախկոտ» Ադրբեջանին եւ Թուրքիային:

Հակառակորդը, տեսնելով, որ ճակատում չի կարողանում հաջողությունների հասնել, անցել է ստոր քայլերի եւ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, քաղաքները, հիմա արդեն նաեւ մեր եկեղեցին՝ Սուրբ Ղազանչեցոցը: Եկեղեցիների նկատմամբ նման ստոր վարքագիծը ցույց է տալիս այդ ազգի դեմքը: Ամբողջ հայ ազգը կանգնած է մեր բանակի, զինվորի եւ Արցախի կողքին, պատրաստ ենք վերականգնել ոչ միայն նրանց կողմից ռմբակոծած եկեղեցին, այլեւ Արցախը, քաղաքները:

Այս օրերին ԱՄՆ-ում ընթանում են մեծածավալ բողոքի ցույցեր, որոնց մասնակցում եմ նաեւ ես: Այդ ցույցերի ընթացքում անբացատրելի մթնոլորտ է տիրում, բոլորը շատ մարտական են տրամադրված: Մեր բողոքի ցույցերի նպատակն այն է, որ բոլոր ամերիկյան հեռուստաալիքները տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախում, լուսաբանեն եւ ներկայացնեն իրականությունն այնպես, ինչպես կա, խոսեն եւ բարձրաձայնեն այդ երկու ահաբեկչական երկրների պատերազմական հանցագործությունների մասին:

Ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, հայրենիքից դուրս էլ աշխարհի բոլոր հայերն այս օրերին շատ համախմբված են, միասնական: Մեր միասնականությամբ մենք արդեն հաղթել ենք այս պատերազմում: Փոքր երկիր լինելով՝ հաղթել ենք Ադրբեջանին եւ Թուրքիային:

Մեր հերոս, առյուծ զինվորներին ցանկանում եմ, որքան հնարավոր է շուտ՝ առողջ եւ առանց  վնասվածքների, վերադառնան իրենց ընտանիքներին: Հպարտանում եմ մեր հայ զինվորներով, կամավորներով, որ այսպիսի խիզախ կռիվ են տալիս մեր երկրի, հողի համար, հակառակորդի կողմից մեզ պատկանող հողի վրա ամեն մի ոտնձգություն արժանի ու համապատասխան պատիժ տալիս:

Խոնարհվում եմ նահատակված զինվորների եւ նրանց մայրերի առջեւ: Նրանք մեր օրերի հերոսներն են եւ ընդմիշտ կմնան մեր սրտերում: Շնորհակալ եմ սահմանին կանգնած, կյանքի գնով մեր հողը, երկիրը պաշտպանող յուրաքանչյուր քաջ զինվորին»,- ասել է Մարտին Բերբերյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:

Հոկտեմբերի 8-ին էլ Ադրբեջանը հարվածեց Շուշիի խորհրդանիշին՝ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։ Մարտերը շարունակվում են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս