13:37  ,  16 մարտի, 2012

Մարտեր առանց կանոնների` Երեւանում

Հայաստանում մարտեր առանց կանոնների մրցումներ հազվադեպ է անցկացվում, բայց այս մարզաձեւի սիրահարները շատ են: Ժամանակին, երբ նոր էր ստեղծվել արմֆայթինգի դպրոց` ընդամենը երեք երիտասարդ էր հետաքրքրված մարզաձեւով, իսկ այժմ այնքան սիրված է, որ որոշվել է մրցաշար անցկացնել: Այսպես մարտի 16-ին կայացած ասուլիսում բնութագրեց  արմֆայթինգ - մարտեր առանց կանոնների մարզաձեւը Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Մարտի 18-ին Երեւանի «Գիզա» ակումբում կկայանա Արմֆայթինգ եւ K-1 սպորտաձեւերի վարկանիշային մրցաշար` հայ եւ վրացի աշխարհահռչակ մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրեց Հայկ Ղուկասյանը, չնայած մրցաշարին կմասնակցի միայն մի պետություն, բայց մրցաշարը միջազգային է, քանի որ մասնակիցները աշխարհի չեմպիոններ են, եւ այս սպորտաձեւում աշխարհում հայտնի մարզիկներ:

«Հայաստանի հավաքականի մրցակիցները Վրաստանի մարզիկներն են: Մասնակցության 250 հայտ ենք ստացել, որից  ընտրել ենք  17 զույգ: Կանցկացվի 17 մենակամարտ, որից  5-ը K-1 ոճում եւ 12-ը` մարտեր առանց կանոնների ոճում: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում այս մարզաձեւի մրցաշարեր են անցկացվում: 6 տարվա ընթացքում սա  արդեն  9-րդ  մրցաշարն է: Ապրիլին կլինի եւս մեկ մցրաշար, որտեղ արդեն կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ»:

Հ. Ղուկասյանն ընդգծեց, որ մրցաշարը թիմային առաջնություն չէ Վրաստանի հետ, այլ` ընդամենը մարզաձեւի սիրահարներին փորձի փոխանակման  եւ ֆիզիկական պատրաստվածության բարելավման հնարավորություն:

«Ութանկյուն մրցաշարը պետք է լինի եւ առավելագույնը երկու ժամ, որպեսզի չհոգնեցնի: Մրցաշարը ուղիղ եթերում կհեռարձակվի ինտերնետում, որպեսզի դիտի ամբողջ աշխարհը www.armfc.com  կայքում: Ավելի քան  150 կայք է  դիմել մեզ` ուղիղ եթերում  հեռարձակելու համար»,- նշեց Ղուկասյանը:

Հ. Ղուկասյանը վստահեցրեց, որ չնայած սեփական հարկի տակ ենք ընդունելու վրացիներին եւ մրցավարները միջազգային կարգի հայ մրցավարներ են, բայց դա չի նշանակում, որ կողմնակալություն է լինելու: 

Ի դեպ, մրցաշարին հետեւելու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի «Հայաստան» ակումբի նախագահ, աշխարհի չեմպիոն Գոքոր Չիվիչյանը: Վերջինս սակայն չի մասնակցելու մրցաշարին, այլ միայն հետեւելու է եւ գնահատական տալու:

ԱՄՆ–ում գործող «Ուրարտու»  հեռուստաընկերության տնօրեն, K–1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, մրցաշարն ուղերձ է բոլոր մարզասերներին, որպեսզի օգտագործեն այս հնարավորությունը եւ Հայաստանում իրենց ուժերը չափեն աշխարհում հայտնի մարզիկների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում