13:37 16 մարտի, 2012Հայաստանում մարտեր առանց կանոնների մրցումներ հազվադեպ է անցկացվում, բայց այս մարզաձեւի սիրահարները շատ են: Ժամանակին, երբ նոր էր ստեղծվել արմֆայթինգի դպրոց` ընդամենը երեք երիտասարդ էր հետաքրքրված մարզաձեւով, իսկ այժմ այնքան սիրված է, որ որոշվել է մրցաշար անցկացնել: Այսպես մարտի 16-ին կայացած ասուլիսում բնութագրեց արմֆայթինգ - մարտեր առանց կանոնների մարզաձեւը Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
Մարտի 18-ին Երեւանի «Գիզա» ակումբում կկայանա Արմֆայթինգ եւ K-1 սպորտաձեւերի վարկանիշային մրցաշար` հայ եւ վրացի աշխարհահռչակ մարզիկների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրեց Հայկ Ղուկասյանը, չնայած մրցաշարին կմասնակցի միայն մի պետություն, բայց մրցաշարը միջազգային է, քանի որ մասնակիցները աշխարհի չեմպիոններ են, եւ այս սպորտաձեւում աշխարհում հայտնի մարզիկներ:
«Հայաստանի հավաքականի մրցակիցները Վրաստանի մարզիկներն են: Մասնակցության 250 հայտ ենք ստացել, որից ընտրել ենք 17 զույգ: Կանցկացվի 17 մենակամարտ, որից 5-ը K-1 ոճում եւ 12-ը` մարտեր առանց կանոնների ոճում: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում այս մարզաձեւի մրցաշարեր են անցկացվում: 6 տարվա ընթացքում սա արդեն 9-րդ մրցաշարն է: Ապրիլին կլինի եւս մեկ մցրաշար, որտեղ արդեն կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ»:
Հ. Ղուկասյանն ընդգծեց, որ մրցաշարը թիմային առաջնություն չէ Վրաստանի հետ, այլ` ընդամենը մարզաձեւի սիրահարներին փորձի փոխանակման եւ ֆիզիկական պատրաստվածության բարելավման հնարավորություն:
«Ութանկյուն մրցաշարը պետք է լինի եւ առավելագույնը երկու ժամ, որպեսզի չհոգնեցնի: Մրցաշարը ուղիղ եթերում կհեռարձակվի ինտերնետում, որպեսզի դիտի ամբողջ աշխարհը www.armfc.com կայքում: Ավելի քան 150 կայք է դիմել մեզ` ուղիղ եթերում հեռարձակելու համար»,- նշեց Ղուկասյանը:
Հ. Ղուկասյանը վստահեցրեց, որ չնայած սեփական հարկի տակ ենք ընդունելու վրացիներին եւ մրցավարները միջազգային կարգի հայ մրցավարներ են, բայց դա չի նշանակում, որ կողմնակալություն է լինելու:
Ի դեպ, մրցաշարին հետեւելու համար Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի «Հայաստան» ակումբի նախագահ, աշխարհի չեմպիոն Գոքոր Չիվիչյանը: Վերջինս սակայն չի մասնակցելու մրցաշարին, այլ միայն հետեւելու է եւ գնահատական տալու:
ԱՄՆ–ում գործող «Ուրարտու» հեռուստաընկերության տնօրեն, K–1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, մրցաշարն ուղերձ է բոլոր մարզասերներին, որպեսզի օգտագործեն այս հնարավորությունը եւ Հայաստանում իրենց ուժերը չափեն աշխարհում հայտնի մարզիկների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.