17:46  ,  29 սեպտեմբերի, 2020

Exclusive. «Ցրվենա Զվեզդան» չի ժամանի Հայաստան

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը, ամենայն հավանականությամբ, չի անցկացվի Հայաստանում:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով Սերբիայի չեմպիոնը չի ժամանի Հայաստան: Խաղը տեղի կունենա Սերբիայում կամ չեզոք դաշտում: Այս պահին քննարկվում է հանդիպման անցկացման նոր վայրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը:

«Արարատ-Արմենիայի» և «Ցրվենա Զվեզդայի» միջև խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 1-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ակումբները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը դեռ շարունակվում են:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս