16:26  ,  27 սեպտեմբերի, 2020

Արմեն Նազարյան․ Բոլորս կանգնած ենք մեր բանակի, Արցախի, մեր զինվորների կողքին

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը իր անհանգստությունն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից կրկնակի օլիմպիական չեմպիոնն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորության դեպքում կռվի գնալ հայ զինվորների հետ:

«Մենք միշտ պատրաստ ենք մեր ազգի ու բանակի կողքին լինել: Միանում եմ բոլոր սփյուռքահայերին եւ աջակցությունս եմ հայտնում մեր հզոր բանակին: Ցավում եմ, որ ճանապարհները փակ են եւ չենք կարող այսօր գալ, մեր զինվորների կողքին կանգնել: Մենք խաղաղություն ենք ուզում: Սահմանում կռիվ տվող զինվորներին համբերություն եմ մաղթում:

Եթե թուրքը կանգնած է ադրբեջանցու կողքին, մենք էլ բոլորս կանգնած ենք մեր բանակի, Արցախի Հանրապետության, մեր զինվորների կողքին: Պատրաստ ենք գնալ, կռիվ տալ մինչեւ վերջ. չենք կարող երկար լռել:

Մենք միշտ եղել ենք եւ կանք ուժեղ, անվախ, թասիբով ժողովուրդ, մեզ երբեք չեն կարող խեղճացնել: Ուրախ եմ, որ մեր բանակը շատ արագ ու օպերատիվ պատասխան է հասցրել ադրբեջանական սադրանքներին: Հետեւում եմ իրադարձություններին ամեն րոպե: Կուզեի գալ Հայաստան, այս պահին լինել այդտեղ եւ անմիջական մասնակցությունս ունենալ այդ գործողություններին:

Բայց միշտ ասել եմ, որ կռվից օգուտ չկա: Ավելի լավ է խաղաղ ճանապարհով այս հակամարտությունը լուծել, բայց եթե թուրք-ադրբեջանցիները չեն հասկանում դա, ուրեմն համապատասխան պատասխան կստանան:

Մենք մեր զինվորների կողքին ենք՝ կռվի դաշտում, թե մրցագորգում: Ադրբեջանցիները շատ վախկոտ են, այս գործողություններն էլ են տապալելու այնպես, ինչպես միշտ է եղել: Հայի ոգին, հայի դուխը ոչ ոք չի կարող կոտրել»,- ասել է Արմեն Նազարյանը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի բանակն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս