19:08  ,  24 սեպտեմբերի, 2020

Թենիսի Հայաստանի չեմպիոնները․ Գլխավոր մարզիչի ամփոփումը

Հայտնի են թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոնները: Երեւանի «In court» թենիսի ակումբում սեպտեմբերի 24-ին տեղի են ունեցել թենիսի Հայաստանի առաջնության մեծահասակների կանանց եւ տղամարդկանց մենախաղի եզրափակիչները:

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Սողոյանը, կանանց պայքարում՝ Իրենա Մուրադյանը:

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի խոսքով, կանանց եւ տղամարդկանց պայքարում նոր բացահայտումներ չկան:

«Մեծահասակների Հայաստանի առաջնությանը մասնակցում էր 13 տղա, 8 աղջիկ: Տղամարդկանց պայքարում չեմպիոն դարձավ Արթուր Սողոյանը, երկրորդ տեղ՝ Աշոտ Գեւորգյան, երրորդ տեղ՝ Միքայել Ավետիսյանը:

Կանանց պայքարում հավասարը չունեցավ Իրենա Մուրադյանը, երկրորդ տեղ՝ Գաբրիելա Հակոբյան, երրորդ տեղ Միլենա Գեւորգյան: Մրցակցությունը կանխատեսելի էր: Տղաների պայքարում եղավ այն, ինչ պատկերացնում էինք: Գլխավոր խաղը կիսաեզրափակիչում Արթուր Սողոյան- Միքայել Ավետիսյան դիմակայությունն էր: 7:5, 6:4 հաշվով Արթուր Սողոյանը հաղթեց: Սա նրանց այս տարվա 4-րդ հանդիպումն էր կորտում: Նախորդ երեք հանդիպումներում՝ երկու հաղթանակ էր տարել Միքայել Ավետիսյանը, մեկում՝ Արթուրը: Նրանց հաշիվը հավասարվեց: Հենց այս երկու տղաներն են մեր հավաքականի առաջատարները:

Միքայել Ավետիսյանը Հայաստանի առաջին ռակետն է, Արթուր Սողոյանը՝ երրորդ: Նոր անուններ, բացահայտումներ չունեցանք: Մյուս խաղերը նույն մակարդակի վրա էին՝ 1/8-րդ եզրափակիչում, քառորդ երզափակիչում: Ովքեր նախորդ առաջնությունում հաղթել էին, այս տարի էլ հաղթեցին:

Տղաների հավաքականում նոր համալրումներ չենք ունենա: Թիմի նախկին կազմը կպահպանվի: Հաջորդ տարի հավաքականի կազմ ընդգրվելու հավակնություններ ունեն Յուրա Մարտիրոսյանը եւ Նադիր Սարգսյանը. այս առաջնությունում երկուսն էլ լավ խաղ ցուցադրեցին»,- ասաց Վահե Ավետիսյանը:

Կանանց առաջնությունում, գլխավոր մարզիչի փոխանցմամբ, Հայաստանի չեմպիոնության համար պայքարում էին հավաքականի երեք առաջատարները:

«Աղջիկների պայքարում թեժ մրցակցություն կար: Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էին Գաբրիելա Հակոբյանը, Իրենա Մուրադյանը եւ Միլենա Գեւորգյանը: Կիսաեզրափակիչում բարդ ու լարված խաղ ստացվեց Իրենա Մուրադյանի եւ Միլենա Գեւորգյանի միջեւ:

Միլենան առաջին սեթում հաղթում էր 5:3 հաշվով, համառ պայքարում Իրենա Մուրադյանը առաջ անցավ հաշվի մեջ՝ սեթն ավարտելով 7:6 հաշվով։ Երկրորդ սեթի հաղթանակի արդյունքում խաղն ավարտվեց Իրենա Մուրադյանի հաղթանակով (7:6(3), 6:2):

Հայաստանի առաջնությանը չմասնակցեցին առաջին ռակետ Անի Ամիրաղյանը, Եվա Ավետիսյանը: Ֆեդերացիայի գավաթի կորիզը, ովքեր կային, բացի Ամիրաղյանից եւ Ավետիսյանից, բոլորն էլ մասնակցում էին եւ լավագույնս հանդես եկան: Նույնը տղաների հարցում՝ մրցանակային տեղեր զբաղեցնողները մեր ուժեղագույններն են: Միքայել Ավետիսյանն, օրինակ, նոր է վերադարձել բանակից եւ դեռ լիարժեք մարզավիճակում չի, այդ պատճառով բավարարվեց երրորդ տեղով»,- նշեց Վահե Ավետիսյանը:

Գլխավոր մարզիչը չի դժգոհում մեծահասակների պայքարում մասնակցության թվից: Մանրամասնում է, որ փոխարենը աճել է 10 տարեկան երեխաների մասնակցությունը: «Մասնակցության առումով 13 տղա, 8 աղջիկ նորմալ է, քանի որ ամեն տարի այսքան մասնակից ենք ունենում մեծահասակների մեջ: Ուրախացնող է փոքրերի մասնակցության թվի աճը: Մինչեւ 10 տարեկանների պայքարում 23 մասնակից ունենք: Քիչ չեն նաեւ 14 տարեկան մասնակիցները: Շատ լավ է, որ փոքր տարիքի երեխաների շրջանում արդեն հոսք է նկատվում եւ Հայաստանի առաջնությանը շատ երեխաներ են խաղում: Տղաների (մեծեր) մեջ ունեցանք նոր խաղացող՝ Հովհաննես Մադանյան: Նա Իսպանիայից է, եկել է Հայաստան զինծառայություն անցնելու, առաջին անգամ մասնակցեց առաջնությանը: Դեռ պետք է պայքարի մեջ պետք է մտնեն 18, 16 տարեկանները: Առաջիկա օրերին տեղի կունենան նաեւ զուգախաղերի եզրափակիչները»,- ասաց Վահե Ավետիսյանը:

14 տարեկանների մեջ Հայաստանի չեմպիոններ են դարձել Էմմա Վարդանյանն ու Միքայել Ավանեսյանը: Սեպտեմբերի 25-ին տեղի կունենա տղաների զուգախաղերի եզրափակիչները։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում