19:12  ,  21 սեպտեմբերի, 2020

Երևանում մեկնարկեց Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարը (ֆոտոշարք)

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեկնարկել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի առաջին հուշամրցաշարը:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացան Լևոն Ղասաբօղլյանի լուսանկարով մեդալներ: Մրցաշարի առաջին հատվածը կատարեց Լևոն Ղասաբողլյանի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը:

8 սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչի ուղեգիր են նվաճել Ֆուտբոլի վետերանների հավաքականը և Էրեբունու թիմը: «Գազպրոմ Արմենիայի» և Նոր Հաճնի թիմերը կհանդիպեն երրորդ տեղի խաղում: Մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի լրագրողների հավաքականը, Աբովյանի, Գետարգելի և Աչաջուրի թիմերը:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա երրորդ տեղի համար հանդիպումը, իսկ ժամը 11:30-ին՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։

Հիշեցնենք, որ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում ու էստոնական «Տրանս Նարվա» ակումբում: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը զբաղվում էր մարզչական աշխատանքով: Այս տարվա փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբը: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում

Օգոստոսի 8-ին 34-ամյա մասնագետը Ղազախստանում մահացել էր սրտի կաթվածի հետևանքով:

Լևոն Ղասաբօղլյանը «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Նա նաև պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիայի ներկայացուցիչն էր Հայաստանում:

Հայկական ֆուտբոլի անդառնալի կորուստը․ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակին (ֆոտո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում