20:05  ,  28 օգոստոսի, 2020

Գաբրիել Սարգսյան․ Կարծում եմ՝ հաքերական միջամտություն էր

Վստահ եմ, որ ՖԻԴԵ-ի հետ կապված խնդիր չէր, կարծում եմ՝ հաքերական միջամտություն էր: Մենք արժանի չէինք պարտության եւ հետագա պայքարից դուրս գալը ճիշտ որոշում էր մեր թիմի կողմից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը մեկնաբանելով Համաշխարհային օնլայն Օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կողմից պայքարից հրաժարվելը:

Օնլայն Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում Հնդկաստանի հետ առաջին ռաունդից հետո Հայաստանի հավաքականը ՖԻԴԵ-ին բողոքարկում էր ներկայացրել՝ կապված Հայկ Մարտիրոսյանի պարտիայի հետ: Chess.com կայքի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով հայ գրոսմայստերը ժամանակ էր կորցրել եւ պարտվել։

ՖԻԴԵ-ն չի բավարարել բողոքարկումը, ինչից հետո Հայաստանի թիմը բոյկոտել է երկրորդ ռաունդը եւ դուրս եկել պայքարից:

«Մրցաշարի ընթացքում պարբերաբար մեզ հետ այդ խնդիրը լինում էր, մենք ինտերնետ ունենում էինք, բայց կայքից, որտեղ խաղում էինք, դուրս էինք թռնում: Zoom հարթակում մեր կապը կար, մրցավարները տեսնում, լսում էին մեզ, բայց սերվերից դուրս էինք թռնում: Նույնը եղավ նաեւ Հայկ Մարտիրոսյանի խաղի ժամանակ:

Վերջին կարեւոր խաղերի ընթացքում անընդհատ դուրս էինք թռնում եւ մեզանից ժամանակ էին վերցնում դրա համար, այսինքն՝ մենք ժամանակ էինք կորցնում: Իսկ այսօր ամենավերջին պահին եղավ, որից հետո պարտություն գրանցեցին: Ամենակարեւոր պահին Հայկի կապն ընդհատվեց եւ պարտություն տվեցին ոչ ոքի դիրքում: Որոշեցինք այլեւս չշարունակել պայքարը եւ դուրս գալ:

Այդ ընթացքում, երբ Հայկ Մարտիրոսյանը խաղի կայքից դուրս թռավ, նա ինտերնետ ուներ, zoom հարթակում նա ասաց մրցավարին, որ դուրս է թռել եւ խնդիրը Հայաստանի կողմից ինտերնետը չէ: Մրցավարը նրան լսում էր, խոսում էին:

Անհասկանալի կերպով մեզ անընդհատ խաղի կայքի սերվերից դուրս էին գցում եւ հենց կարեւոր խաղերում: Երեկ եւ այսօր իմ եւ Աննա Սարգսյանի պարտիաների ընթացքում նման դեպք եղավ, միաժամանակ դուրս թռանք սերվերից: Այսօր ես 8 րոպե ունեի, մրցակիցս՝ 6: Ես սերվերից դուրս թռա եւ, երբ ինձ հետ բերեցին, ժամանակս դարձավ 6 րոպե. 2 րոպե ուղղակի կորցրեցի: Երեկ էլ խաղի սկզբում դուրս թռա, 15 րոպե խաղաժամանակս դարձավ 10 րոպե:

Մենք անընդհատ ասել ենք, որ այսպիսի խնդիր ունենք, մեզ սերվերից դուրս են գցում: Միջազգային ֆեդերացիայի կողմից որեւէ արձագանք չէր լինում: Հույս ունեինք, որ կլուծեն այդ հարցը եւ այն տեխնիկական է: Քանի որ այսօր վերջում արդեն մրցախաղն էինք պարտվում, դրա համար ստիպված բողոքարկեցինք եւ չընդունվեց:

Չեմ կարծում, որ միտումնավորություն կա միջազգային ֆեդերացիայի կողմից: ՖԻԴԵ-ի հետ կապված խնդիր չի վստահ, կարծում եմ՝ հաքերական միջամտություն էր: Կարող է մարդկային գործոն լինել, քանի որ միայն այդ սերվերից էինք դուրս թռնում, որով մրցաշարն անցկացվում էր: Այդ պատճառով հնարավոր է, որ հաքերների գործոնն այստեղ եղած լինի:

ՖԻԴԵ-ի համար վատ եղավ, որ մենք հրաժարվեցինք հետագա պայքարից, քանի որ մեծ մրցաշար էր կազմակերպված, եւ այս միջադեպը վատ ազդեցություն կունենա իրենց  կազմակերպած մրցաշարի վրա: Բացառվում է՝ ՖԻԴԵ-ն շահագրգռված լիներ, որ Հայաստանի թիմը դուրս գար պայքարից:

Բոյկոտելու եւ հետագա պայքարից հրաժարվելու որոշումը ճիշտ էր: Եթե բողոքարկել էինք եւ չէր բավարարվել, ուրեմն պետք է դուրս գայինք: Եթե շարունակեինք խաղալ, հոգեբանորեն մեզ համար շատ դժվար կլիներ: Մենք արժանի չէինք պարտության: Հայկի համար շատ դժվար կլիներ այդ միջադեպից հետո շարունակել խաղալ, իսկ Հայկը մեզ համար շատ կարեւոր խաղացող է: Պարտավոր էինք դուրս գալ պայքարից, քանի որ Հայկի համար էլ էր դա կարեւոր: Ոչ մի շախմատիստ չի ուզենա այդ ձեւով պարտվել»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Քառորդ եզրափակիչի առաջին ռաունդում Հայաստանի թիմը հնդիկներին պարտվել էր 2,5։3,5 հաշվով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով