17:51  ,  18 հուլիսի, 2020

Խորեն Բայրամյան․ Անհամբեր սպասում եմ Հայաստանի հավաքականին միանալուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ազգային թիմին միանալու իր որոշումը։

«Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն միշտ էլ ունեցել եմ։ Իհարկե, ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար Ռուսաստանում լեգեոնականների սահմանափակման վերացումը նպաստեց այս որոշմանը։ Ես հայ եմ, իմ ընտանիքում բոլորը հայեր են։ Մեծ պատիվ է ընտանիքիս համար, որ ներկայացնելու եմ Հայաստանի ազգային թիմը։ Անհամբեր սպասում եմ հավաքականին միանալուն։

Հավաքականի գերնպատակը կլինի խոշոր միջազգային մրցաշարի մասնակցելը։ Հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի հանդես գանք 2022թ․ Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ունենք լավ թիվ, հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի։

Կապառոսն անվանի մասնագետ է, գիտենք, թե ինչ թիմերում է աշխատել։ Նրա ներկայությունը շատ դրական փաստ է։ Կարծում եմ, որ նրա փորձը կօգնի մեզ հասնել մեր նպատակների իրականացմանը»,- ասել է Խորեն Բայրամյանը։

Սամվել Սուքիասյան

Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով