13:47  ,  30 հունիսի, 2020

Սետիենը հաստատել է, որ իր և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարված են

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամների լարված հարաբերությունների մասին լուրերը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք ֆուտբոլիստների հետ: Այո, կան խնդիրներ, կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք անհամաձայնություններ, սակայն դրա մասին պետք չէ բարձրաձայնել:

Մենք պետք է հասկանանք, որ հավաքված ենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և փորձենք միասին լուծել մեր խնդիրները»,- Սետիենի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» չդառնա Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Սետիենը խնդիրներ ունի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Մարզիչի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English