11:11  ,  4 հունիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ հարձակվողը լավագույնն է ճանաչվել Ֆրանսիայում (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Ֆրանսիական Blois Football 41 ակումբի երկրորդ թիմում հանդես է գալիս 19-ամյա հայ հարձակվող Աշոտ Սիմոնյանը:

«Ծնվել եմ 2001 թվականի մարտի 21-ին Երևանում, խաղում եմ հարձակվողի դիրքում: Մինչև ֆուտբոլը ես Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ: Այդ փորձը դրական հետևանք է ունեցել իմ արագության և ճկունության վրա:

Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից «Էրեբունու» դպրոցում, որտեղ անցկացրել եմ 2 տարի: Ես հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել «Փյունիկ» կամ «Բանանց», սակայն որոշեցի կարիերաս շարունակել Ֆրանսիայում: 

2016 թվականին տեղափոխվել եմ US Vendôme, իսկ 1 տարի անց՝ Vineuil SF, որի կազմում ճանաչվել եմ Մ-17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու և ընդգրկվել 2017/18 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Այնուհետև ես առաջարկ ստացա մեր շրջանի լավագույն ակումբից՝ Blois Football 41-ից: 2018/19 մրցաշրջանում մենք դարձանք Մ-18 տարեկանների առաջնության չեմպիոն: Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեցի ակումբի երկրորդ թիմ, որտեղ խաղում եմ մինչ օրս: Blois Football 41-ի հիմնական թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի National 2 լիգայում և հավակնում է National 1 բարձրանալուն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով վաղաժամ ավարտված առաջնությունում ես 7 խաղում դարձել եմ 4 գոլի հեղինակ՝ ճանաչվելով մրցաշարի երրորդ լավագույն ռմբարկու և իմ թիմի լավագույն ֆուտբոլիստ: Կրկին ընդգրկվել եմ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Լավագույն ռմբարկուն մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով 7 գոլ:

Հուսով եմ, որ շուտով հրավեր կստանամ Հայաստանի երիտասարդական հավաքականից: Դա մեծ պատիվ ու հպարտության առիթ կլինի ինձ համար: Կապի մեջ եմ ՀՖՖ ներկայացուցիչների հետ: Հնարավոր է, որ շուտով վերադառնամ Հայաստան, քանի որ շատ եմ սիրում իմ երկիրը », - նշել է Աշոտ Սիմոնյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս