11:11 4 հունիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։
Ֆրանսիական Blois Football 41 ակումբի երկրորդ թիմում հանդես է գալիս 19-ամյա հայ հարձակվող Աշոտ Սիմոնյանը:

«Ծնվել եմ 2001 թվականի մարտի 21-ին Երևանում, խաղում եմ հարձակվողի դիրքում: Մինչև ֆուտբոլը ես Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ: Այդ փորձը դրական հետևանք է ունեցել իմ արագության և ճկունության վրա:
Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից «Էրեբունու» դպրոցում, որտեղ անցկացրել եմ 2 տարի: Ես հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել «Փյունիկ» կամ «Բանանց», սակայն որոշեցի կարիերաս շարունակել Ֆրանսիայում:
2016 թվականին տեղափոխվել եմ US Vendôme, իսկ 1 տարի անց՝ Vineuil SF, որի կազմում ճանաչվել եմ Մ-17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու և ընդգրկվել 2017/18 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Այնուհետև ես առաջարկ ստացա մեր շրջանի լավագույն ակումբից՝ Blois Football 41-ից: 2018/19 մրցաշրջանում մենք դարձանք Մ-18 տարեկանների առաջնության չեմպիոն: Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեցի ակումբի երկրորդ թիմ, որտեղ խաղում եմ մինչ օրս: Blois Football 41-ի հիմնական թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի National 2 լիգայում և հավակնում է National 1 բարձրանալուն:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով վաղաժամ ավարտված առաջնությունում ես 7 խաղում դարձել եմ 4 գոլի հեղինակ՝ ճանաչվելով մրցաշարի երրորդ լավագույն ռմբարկու և իմ թիմի լավագույն ֆուտբոլիստ: Կրկին ընդգրկվել եմ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Լավագույն ռմբարկուն մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով 7 գոլ:
Հուսով եմ, որ շուտով հրավեր կստանամ Հայաստանի երիտասարդական հավաքականից: Դա մեծ պատիվ ու հպարտության առիթ կլինի ինձ համար: Կապի մեջ եմ ՀՖՖ ներկայացուցիչների հետ: Հնարավոր է, որ շուտով վերադառնամ Հայաստան, քանի որ շատ եմ սիրում իմ երկիրը », - նշել է Աշոտ Սիմոնյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.