13:51  ,  25 մայիսի, 2020

Բենիտեսը պատրաստ է գլխավորել «Նյուքասլը»

Չինական «Դալիանի» գլխավոր մարզիչ, անգլիական «Նյուքասլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատրաստակամություն է հայտնել կրկին զբաղեցնել «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնը:

«Նյուքասլի» նոր սեփականատեր, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանն անձամբ է ցանկացել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Ռաֆայել Բենիտեսին, որն ակումբը գլխավորել է 2016-2019 թվականներին:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամն արդեն ավարտել է «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գնման գործընթացը: Գործարքի մասին կողմերը դեռ հանդես չեն եկել հայտարարությամբ: Հայտնի է, որ անգլիական ակումբի դիմաց Մոհամադ բին Սալմանի հիմնադրամը վճարելու է 340 միլիոն բրիտանական ֆունտ:

Մոհամադ բին Սալմանը մտադիր է «Նյուքասլը» դարձնել եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկը և պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել ակումբում՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նյուքասլը» սկսել է հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անոտուան Գրիզմանի և Փարիզի ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում այս պահին դիտարկվում են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները:

Նշենք, որ Մոհամադ բին Սալմանի ընտանիքի կարողությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան Պրեմյեր լիգայի մյուս բոլոր թիմերի սեփականատերերինը միասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում