09:14  ,  1 մայիսի, 2020

Վահագն Դավթյան․ Ափսոսում եմ կորցրած ժամանակի համար, բայց լավ է, որ երկրագունդը հանգստանում է մեզնից

Վախենում եմ կյանքի հետընթացից եւ ափսոսում 1,5 ամիս կորցրած ժամանակի համար, բայց լավ է, որ երկրագունդը հանգստանում է մեզնից այս ընթացքում. դրա կարիքը կար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Վահագն Դավթյանը:

Երկրորդ եվրոպական խաղերի փոխչեմպիոնը օղակների վարժության Հայաստանի առաջատարներից է: Կարանտինի շրջանում մարզավիճակը պահպանելու համար «շարժական» օղակներ է իր համար ստեղծել եւ ամեն օր մարզվում է բակում: Ըստ նրա, ոչ լիարժեք է կարողանում մարզվել, բայց որոշ չափով օղակները օգնում են մնալ մարզավիճակում:

Վահագն Դավթյանը ոչ միայն Հայաստանի հավաքականի առաջատարներից է, այլեւ Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցների մարզիչ: Իր խոսքով, արդեն հասցրել է կարոտել մարզումները ընկերների՝ թիմի հետ եւ իր սաներին:

Վահագն, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Արդեն ձանձրացել ենք, արդեն մի կերպ ենք անցկացնում օրերը: Մարզումներս կազմակերպում եմ տնային պայմաններում: Մարմնամարզության պարագայում դժվար է տան պայմաններում կազմակերպել մարզում, մարզավիճակ պահել, մասնավորապես իմ մրցաձեւում՝ օղակները: Միայն ֆիզիկական, ճկունության վարժություններ անելով՝ կարող ես քո մարզավիճակի ընդամենը 5 տոկոսը պահել: Գուցե, մյուս մարզաձեւերում հնարավոր է վազելով, ֆիզիկական ուժային վարժություններ անելով մարզավիճակ պահել, բայց մեզ մեր մարզագույքն է պետք: Առանց դրանց մարզումներ չի լինում անել: Ինձ օղակներ է պետք, Հարութին՝ նժույգ, Արթուրին՝ հենացատկ: Սրանք այնպիսի գործիքներ են, որ տան պայմաններում հնարավոր չէ ստեղծել եւ մարզվել:

Բայց ես իրականում ինձ համար ստեղծել եմ հարմարություն եւ մարզվում եմ օղակներով: Ճանապարհային օղակներ ունեմ իմ եւ մեր թիմի համար: Երբ գնում ենք մրցումների, ես այդ օղակները միշտ վերցնում եմ ինձ հետ: Մրցավայրերում, սովորաբար, միայն մրցման համար նախատեսված մարզագույքն է դրված լինում: Չկա ուրիշ այլ մարզումների, նախապատրաստվելու համար գույք:

Այժմ այս «շարժական» օղակները տան պայմաններում եմ օգտագործում եւ փորձում որոշակի վարժություններ անել ինձ համար մինչեւ կարանտինի ավարտը:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:

Դժվարությունները անհարմարության հետ է կապված: Մենք ակտիվ կյանքի սովոր մարդիկ ենք: Եթե քո առօրյան սպորտի հետ է կապված, առավոտից երեկո մարզումներ, մարզչություն, մարզադահլիճ, մրցումներ, կրկնակի դժվար է դիմանալ այս կարանտինին: Կարոտում եմ մեր մարզումները, ինչպես նաեւ իմ սաներին:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, իրականում շատ լուրջ է: Ինձ թվում է, մենք դեռ չենք կարողանում գիտակցել լրջությունը եւ դեռ չենք գիտակցում, թե ինչ հետեւանքներ է այն ունենալու: Դեռ կզգանք այս ամենի ծանր հետեւանքները:

Հակված եմ շրջանառվող բոլոր վարկածներին, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է, երկրագնդի restart-ն է ու, որ նաեւ այս ամենը շինծու է: Ամեն տարբերակին էլ հավատում եմ:

Բայց կա կարեւոր մի փաստ՝ կորոնավիրուսի պանդեմիայի դրական կողմը. երկրագունդը հանգստանում է: Բնությունը, էկոլոգիան, բնական ռեսուրսները հանգստանում են մարդկանցից, որովհետեւ արդեն սպառվում, ոչնչանում էին մարդկանց քանակի հետ երկրագնդում:

Այն, որ կորոնավիրուսը կա, հաստատ է, բայց արհեստականորեն շատ են մեծացնում, ուռճացնում եւ ժողովրդի մեջ արհետածին վախ մտցնում: Թե ինչու, դեռ հայտնի չէ:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Վախենում եմ կյանքի հետընթացից: Եթե աշխարհի բոլոր որոլտներն այսքան վնասներ են կրում, պանդեմիայի ավարտից հետո մի տեղից դուրս է գալու եւ, առաջնային, ազդելու է կյանքի ընթացքի վրա. հետընթաց է լինելու: Սա հաստատ լինելու ամեն տեղ, ինչն ամենավատ բանն է աշխարհում: Ճգնաժամի վախ ունեմ, բայց իմ կարծիքով, այն արդեն կա:

Մեծ հույս ունեմ, ու կարծում եմ բոլորն են այդ հույսով, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն կյանքին, եթե, իհարկե, չշարունակվի արհեստականորեն: 

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ բաց թողած մրցումների համար: Պատրաստվել էինք եւ չկարողացանք մասնակցել: Ափսոսում եմ, որ մարզումներից ենք շատ հետ ընկնում. ժամանակ է գնում: Կորցրած ժամանակի համար եմ ափսոսում: Կարանտինի առաջին մեկ-երկու շաբաթը հետաքրքիր է, հաճելի էր, հանգստանում էինք իսկապես: Հետո գնալով այդ հանգիստ վիճակը, տանը երկար մնալը սկսեց օր-օրի նյարդայնացնել. զգում ես, որ այդ հանգիստ վիճակը ձգձգվում է 1,5 ամիս:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Որպեսզի պարապուրդի չմատնվեմ, սկսել եմ հողագործությամբ զբաղվել այս ընթացքում, որպեսզի ինչ-որ օգուտ լինի գոնե տանը մնալուց: Այգի եմ մշակում, ծառեր եմ տնկում, մշակում: Այնպիսի բաներով եմ ազատ ժամանակս լցնում, որ երբեւէ նախկինում չէի արել:

Ի՞նչ ֆիլմեր խորհուրդ կտաս դիտել տանը այս օրերին:

Ֆիլմեր չեմ դիտում. սիրահար չեմ: Չեմ կարողանում ժամանակս ծախսել ֆիլմ դիտելու վրա: Շատ քիչ ֆիլմեր եմ դիտել, որոնք շատ-շատ են խորհուրդ տվել ընկերներս: Խորհուրդ չեմ տալիս ֆիլմեր դիտել այս օրերին, ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան:

#ՄնաՏանը...

Կոչ եմ անում բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում զբաղվել սպորտով. զբաղվեք սպորտով, որովհետեւ սպորտն ամենալավ միջոցն է հիվանդություններին, համաճարակներին դիմադրելու համար: Սպորտն է ամենալավ իմունային համակարգ զարգացնողը:

Ուզում եմ, որ բոլորը լինեն առողջ, պինդ, չհուսահատվեն, չհիասթափվեն, որովհետեւ սա էլ կանցնի: Կյանքի դժվար փուլ է, պետք է տանենք: 

Շնորհակալություն...

Վերջերս մի տեսանյութ տեսա, շատ տպավորեց ինձ. «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքուրերից մեկն էր խոսում, որը 1,5 ամիս արդեն տուն չէր գնացել: Ընտանիքի անդամների հետ այդքան ժամանակ տեսակապով էր շփվել: Շատ ազդվեցի, որովհետեւ շատ դժվար է այդքան տանից եւ ընտանիքից հեռու մնալը:

Խոնարհվում մեր բոլոր բուժաշխատողների առջեւ իրենց կատարած աշխատանքի համար, շնորհակալություն:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով