17:10  ,  14 ապրիլի, 2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի աշնանը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը։

Եվրոպայի առաջնությունը Մոսկվայում պետք է տեղի ունենար ապրիլին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգվել էր մինչեւ հունիս։ Այժմ պարզ է դառնում, որ հունիսին եւս հնարավոր չի լինի անցկացնել այդ մրցաշարը։

«Բոլորը հասկանում են, որ այս իրավիճակում բոլորն արգելափակված են եւ հնարավոր չի լինի բոլորին հավաքել Մոսկվայում։ Մեր մայրաքաղաքը նույնպես արգելափակված է։ Պարզ է, որ առաջիկայում իրավիճակը չի փոխվի։

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նշել եմ, որ պետք է մրցաշարը տեղափոխել աշուն։ Ես առաջարկել եմ անցկացնել հոկտեմբերին»,- Մաքսիմ Ագապիտովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային մրցաշար է։ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում