Խորհուրդս է բոլորին՝ մնացեք տանը եւ փորձեք հանգստանալ Ձեր ամենօրյա աշխատանքից: Սա լավ առիթ է վերականգնվելու համար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նարեկ Աբգարյանը:
Նարեկ Աբգարյանը 14 անընդմեջ հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ հանդես է գալիս Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո: Դեռեւս մարտ ամսին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հավաք էր անցնում ԱՄՆ-ում՝ նախապատրաստվելով իր 15-րդ մենամարտին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Աբգարյանի մարզումները դադարեցվեցին, եւ բռնցքամարտիկը վերադարձավ Հայաստան:
Նարեկ, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ:
Օրերս անցկացնում եմ ընտանիքիս հետ: Հիմնական ժամանակս նվիրել եմ որդուս՝ փոքրիկ Ալեքսին, ֆիլմեր եմ դիտում, մի քիչ էլ խոհարարությամբ եմ զբաղվում:
Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:
Մարզումներս անցկացնում եմ հիմնականում տանը ֆիզիկական վարժությունների տեսքով: Երբեմն վազում եմ օրգանիզմի տոնուսը պահելու համար:
Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:
Հիմնական խնդիրն այն է, որ մարզադահլիճները չեն գործում, միասնական մարզվելու խնդիր կա, մենք՝ բռնցքամարտիկներս սփարինգ-զուգընկերների խնդիր ունենք:
#ՄնաՏանը հորդորին անպայման հետեւում եմ: Ինքս էլ հորդորում եմ բոլորին մնալ տանը:
Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:
Երրորդ համաշխարհային պատերազմ: Մինչեւ կորոանավիրուսի պանդեմիան ոչնչից չեմ վախեցել: Հիմա վախենում եմ աշխարհում տիրող այս իրավիճակից, վախենում եմ նաեւ մեկուսացումից:
Ինչի՞ համար ես ափսոսում:
Ափսոսում եմ, որ ապրիլի 11-ին Լաս Վեգասում նշանակված մենամարտս հետաձգվեց: Մրցակիցս լինելու էր Լաուրենս Նյուտոնը (14-0): Սա իմ պրոֆեսիոնալ կարիերայի համար շատ կարեւոր մենամարտ էր լինելու, պետք է պայմանագիր կնքեի աշխարհահռչակ պրոմուտերական կազմակերպության հետ:
Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը:
Դրական: Մասնագետ չեմ, որ գնահատական տամ, բայց գտնում եմ, որ բժիշկներն անում են անհնարինը մարդկային կյանքեր փրկելու համար, իսկ իրավապահ մարմինները՝ մեզ պաշտպանելու եւ զգոն պահելու համար:
Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ:
Ազատ ժամանակս լցնում եմ տնային մարզումներով, ֆիլմերով, ընտանիքիս անդամների հետ խաղեր խաղալով, որդուս հետ ժամանակս անցկացնելով: Իրականում օգտվում եմ այս առիթից եւ ինձ նվիրել եմ նրան:
3 ֆիլմ, որ խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:
«Ведьмак» (2015)
«Конец света» (2013)
«Аладдин» (2019)
Ի՞նչ գիրք խորհուրդ կտաս կարդալ:
Ալեքսանդր Դյումա, «Կոմս Մոնտե Քրիստո»:
#ՄնաՏանը...
Խորհուրդս է բոլորին՝ մնացեք տանը եւ փորձեք հանգստանալ Ձեր ամենօրյա աշխատանքից: Սա լավ առիթ է վերականգնվելու համար:
Շնորհակալություն...
Այս օրերին շնորհակալության բոլոր խոսքերը միայն ու միայն պետք է ուղղված լինեն բուժաշխատողներին: Համբերություն նրանց:
Նարեկ, ի՞նչ ծրագրեր ունես պրոֆեսիոնալ ռինգում:
Ծրագիրս այն է, որ կարանտինից հետո վերսկսեմ մարզումներս եւ պատրաստվեմ հետաձգված մենամարտիս ԱՄՆ-ում: Արդեն երկու մենամարտ եմ անցկացրել ամերիկյան հայտնի Top Rank Promotions-ի հետ: Ապրիլի 11-ին կայանալիք մենամարտս էլ այդ promotion-ը պետք է անցկացներ: Նախնական պայմանավորվածություն ունեինք մարտ ամսին կնքել պայմանագիր Top Rank Promotions-ի հետ: Մարզվում էի ԱՄՆ-ում, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամեն ինչ հետաձգվեց, դադարեցրի մարզումներս եւ վերադարձա Հայաստան: Հույս ունեմ, որ կարանտինից հետո, ամեն ինչ կարգավորվելուց հետո մենամարտս տեղի կունենա եւ պայմանագիրս կկնքեմ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում