00:03  ,  28 մարտի, 2020

ՀԲՖ․ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Լոնդոնում դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Թիմի մյուս անդամները բժիշկների անմիջական հսկողության տակ են:

Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած վարկանիշային մրցաշարը 3 օր անց դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մասնակից երկրների թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը վերադարձան հայրենիք:

Ավելի ուշ Թուրքիայի եւ Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիաները հայտարարեցին Լոնդոնից վերադարձած իրենց թիմերում կորոնավիրուսով վարակված 6 դեպքերի մասին:

«Կորոնավիրուս հայտնաբերվել է Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասված է ՀԲՖ մամուլի ծառայության պատասխանում:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոնի մրցաշարին մեկնել էր 10 բռնցքամարտիկով: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս