02:31  ,  14 փետրվարի, 2020

Կարապետ Չալյան․ Երեւի հաղթելու մեծ ցանկությունս է խանգարում կարեւոր մրցաշարերում հասնել եզրափակիչ (ֆոտո)

Երեւի հաղթելու մեծ ցանկությունս է խանգարում կարեւոր մրցաշարերում հասնել եզրափակիչ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Չալյանը փետրվարի 11-ին նվաճեց բրոնզե մեդալ 77 կգ քաշային կարգոււմ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում գյումրեցի ըմբիշը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ, որը ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել գոտեմարտը: Հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին:

«Շատ ուրախ եմ, որ առանց մեդալ չեմ վերադարձել հայրենիք: Եթե անկեղծ, դժգոհ եմ: Կարող էի հաղթել կիսաեզրափակիչում եւ պայքարել ոսկե մեդալի համար:

Հետագա անելիքներս կորոշեն մարզիչները: Ես արդեն ունեմ օլիմպիական վարկանիշ եւ չեմ մասնակցի վարկանիշային մրցաշարերին: Երեւի հաղթելու մեծ ցանկությունն է ինձ խանգարում կարեւոր մրցաշարերում հասնել եզրափակիչներ»,- ասաց Կարապետ Չալյանը:

Չալյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:2 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենին, 1/8 եզրափակիչում 3։1 հաշվով առավելության էր հասել աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ, քառորդ եզրափակիչում էլ 5:2 հաշվով հաղթել էր բելառուս Պավել Լիախին: Կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Չալյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում: Նշենք, որ Կարապետ Չալյանը Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում