14:09  ,  13 փետրվարի, 2020

Յուրգեն Կլինսմանը՝ «Հերտայից» հեռանալու պատճառների մասին․ Շատ ծանր պայմաններ էին

Գերմանացի Յուրգեն Կլինսմանը Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալը պատճառաբանել է մշակութային տարբերություններով, որոնց հետ չի կարողացել համակերպվել։

«Պայմաններն ինձ համար շատ ծանր էին։ Հավանաբար, դրա պատճառն այն է, որ ես երկար տարիներ աշխատել են այլ երկրներում, ապրել եմ Իտալիայում, Ֆրանսիայում եւ Անգլիայում։

Գերմանիայում մարզիչը մշտապես խաղադաշտի եզրին է, օգնում է ֆուտբոլիստներին, զրուցում է նրանց հետ։ Ես հետ եմ սովորել այդ ոճից։

Անգլիայում այլ մոդել է։ Այնտեղ մարզիչը մենեջեր է։ Նրա աշխատանքն է լինել ղեկավար։ Գերմանիայում այլ կերպ է։ Այստեղ բոլորն ունեն խոսքի իրավունք, յուրահատուկ դերակատարություն։

Ես կարծում եմ, որ որոշումները պետք է ընդունի միայն մարզիչը։ Այս հարցում մենք համաձայնության չհասանք ակումբում։ Տարաձայնությունները շատ էին»,- Կլինսմանի խոսքը մեջբերում է SI.com-ը։

55-ամյա Կլինսմանը «Հերտան» գլխավորել էր 2019թ․ նոյեմբերի 27-ին։ Նրա ղեկավարությամբ թիմը տարավ երեք հաղթանակ, կրեց չորս պարտություն, երեք հանդիպում ավարտեց ոչ ոքի։

Գերմանիայի առաջնության 21 խաղից հետո «Հերտան» 23 միավորով 14-րդ տեղում է։

Մարզչական կարիերայի ընթացքում Կլինսմանը գլխավորել է նաեւ «Բավարիան», Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Շտուտգարտում», Միլանի «Ինտերում», «Մոնակոյում», Լոնդոնի «Տոտենհեմում», «Բավարիայում», «Սամպդորիայում»։ Գերմանիայի հավաքականի հետ դարձել է 1990թ․ աշխարհի, 1996թ․ Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում