01:42  ,  28 դեկտեմբերի, 2019

«Վուլվերհեմփթոնը» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 19-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց «Վուլվերհեմփթոնի» հետ: Պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

Խաղի 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը տուգանային հրապարակից դուրս կատարած խախտումի համար հեռացվեց խաղադաշտից: Խոսեպ Գվարդիոլան պահեստային դարպասապահ Կլաուդիո Բրավոյին խաղադաշտ դուրս բերեց թիմի առաջատար հարձակվող Սերխիո Ագուերոյի փոխարեն:

25-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը 11 մետրանոց հարվածից բացեց խաղի հաշիվը, իսկ 50-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպեց:

55-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնի» իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 82-րդ րոպեին՝ գոլային փոխանցում կատարեց մեքսիկացի Ռաուլ Խիմենեսին: 89-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնի» հաղթական գոլը Ռաուլ Խիմենեսի փոխանցումից հետո խփեց իռլանդացի պաշտպան Մեթ Դոերտին:

«Մանչեսթեր Սիթին» այժմ 38 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է և առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 14 միավորով: «Լիվերպուլը» նաև 1 հանդիպում պակաս է անցկացրել:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:2

Ադամա Տրաորե, 55, Ռաուլ Խիմենես, 82, Մեթ Դոերտի, 89 - Ռահիմ Ստերլինգ, 25 (11մ.), 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով