16:05  +04,  1 նոյեմբերի, 2019

Պանթեոնում բացվեց լեգենդար Յուրի Վարդանյանի շիրմարձանը (ֆոտո)

Նոյեմբերի 1-ին լրացավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան մեկ տարին։ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում տարելիցի կապակցությամբ բացվեց լեգենդար մարզիկի շիրմարձանը։

Ներկա էին Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամները՝ մայրը, այրին, որդին, հարազատներ, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, 2010թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը։ Հայաստանի հավաքականի անդամներից ներկա էր միայն Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն ի դեպ իր այս տարվա բոլոր հաղթանակները տոնեց Յուրի Վարդանյանի անձնական եռագույնով, իսկ Բաթումիում նվաճած արծաթե մեդալը նվիրեց լեգենդար ծանրորդի հիշատակին։

Շիրմարձանը պատկերված է Յուրի Վարդանյանի երիտասարդ տարիների պատկերով, օլիմպիական ոսկե մեդալով եւ դափնով։ Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը Դավիթ Մինասյանը։ Պատրաստված է բրոնզից։

Լեգենդար ծանրորդի այրի Էլեոնորա Վարդանյանի ցանկությամբ է շիրմարձանում Յուրի Վարդանյանը պատկերված երիտասարդ տարիքում, ժպիտով եւ օլիմպիական մեդալով։

«Նա մեծ մարդ էր որպես ամուսին, ընտանիքի հայր, մարզիկ եւ հայ։ Ուզում էի ստանայինք նրա այն տարիքի պատկերը, երբ ծանոթացանք։ Ուրախ եմ, որ հաջողվեց ստանալ այն, ինչ ուզում էի։ Շնորհակալ եմ քաղաքային իշխանությանը, որ Յուրի Վարդանյանին հուղարկավորեցին այստեղ՝ Պանթեոնում։ Նա հայրենիքի նվիրյալ էր»,- ասաց Էլեոնորա Վարդանյանը։

Քանդակագործ Դավիթ Մինասյանի խոսքով, ընտանիքի անդամների հետ 3 ամիսների աշխատանքի արդյունքում ստացել են Յուրի Վարդանյանի կերպարը բնութագրող դիմաքանդակ։

«Փորձեցինք ստանալ Յուրի Վարդանյանի 1980 թվականի Օլիմպիական խաղերի հաղթական տարվա պատկերը, երբ նա դարձավ ազգի հերոս։ Խնդիր կար դրված պատկերել ոչ միայն որպես մարզիկ, օլիմպիական չեմպիոն, այլ որպես ժողովրդի մեջ մտած լեգենդար, առասպելական հերոս, չէ՞ որ նրան ասում էին՝ մեր ժամանակների Սասունցի Դավիթ։ Ընտանիքի անդամների արձագանքը դրական էր, երբ առաջին անգամ տեսան դեմքի ժպիտի եւ հայացքի արտահայտությունը։ Որոշեցինք պահել այն եւ չտխրեցնել շատ»,- ասաց քանդակագործը։

2010 թվականի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի խոսքով, Յուրի Վարդանյան լեգենդի հաջողություններն այսօր կրկնելու մեծ հնարավորություններ ունի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

«Բախտ եմ ունեցել Յուրի Վարդանյանի հետ անձնական մտերմություն ունենալ։ Մենք նաեւ նույն թաղամասից էինք։ Շատ եմ ափսոսում, որ նա կյանքից հեռացավ բավական երիտասարդ, բայց հասցրեց իր փորձը փոխացնել մեզ։ Նրա խորհուրդները մեծ օգուտ են տվել  մեր գրանցած հաջողություններում։ Ինձ անձամբ շատ մասնագիտական խորհուրդներ էր տալիս։ Նրա ներկայությունն ինձ համար արդեն մեծ ոգեւորություն էր։ Առաջին անգամ ծանոթացանք Մոսկվայում։ Նա իմ մանկական տարիների կուռքն էր եւ վաղուց էի ուզում նրան հանդիպել, բայց ԱՄՆ-ում գտնվելու պատճառով չէր ստացվում։ Հանդիպեցինք եւ մտերմացանք։ Նա իմ մարզումներին էր գալիս։ Նա լեգենդ էր, չեմպիոնին վայել կեցվածք ուներ, բայց շփման մեջ շատ համեստ էր։

Այսօր շատ ուժեղ ծանրորդներ, հավաքական ունենք։ Սիմոն Մարտիրոսյանը 22 տարեկան է, բայց արդեն երկու անգամ աշխարհի չեմպիոն է դարձել։ Մեծ հույսեր ունենք, որ Տոկիո-2020-ից հաղթանակով կվերադառնա։ Եթե սպորտային հաջողությունը Սիմոնի հետ լինի, նա կկարողանա կրկնել Յուրի Վարդանյանի հաջողությունները»,- նշեց Տիգրան Մարտիրոսյանը։

Երիտասարդ ծանրորդ, Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը եւս հույս ունի, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի կրկնել Յուրի Վարդանյանի հաջողությունները։

«Յուրի Վարդանյանը շատ մեծ ավանդ է թողել հայկական ծանրամարտում։ Բոլորս պետք է մեր ուժերը ներդնենք եւ նրա կիսատ թողած աշխատանքը շարունակենք։ Միշտ նրա նպատակն է եղել օլիմպիական բարձունքներ նվաճել։ Մեկ անգամ հասել է այդ հաջողությանը։

Այժմ մեր խնդիրն է այդ հաջողությունը կրկնել եւ ավելացնել հաղթանակները։ Նա իմ կյանքում մոտիվացիա է եղել։ Շատ ուժեղ սպորտի վարպետ էր։ Հայաստանի առաջնությունում եւ Եվրոպայի առաջնությունում իմ հաղթանակները նվիրել եմ նրա հիշատակին, որովհետեւ նրա մահից հետո ինքս ինձ խոսք էի տվել հասնել հաջողության եւ նվիրել նրան։ Շատ հպարտ եմ, որ ծանոթ եմ եղել ժամանակին եւ նրա հետնորդն եմ։ Նրա ամենամեծ ու կարեւոր խորհուրդը ինձ եղել է աստղային հիվանդությամբ չտարվել։ Ընդունում եմ եւ շարժվում եմ նրա խորհրդով։ Մեր հավաքականն այսօր աշխարհի ամենաուժեղն է, եւ, հաստատ, մեզ կհաջողվի կրկնել նրա հաղթանակներն ու ավելացնել»,- նկատեց Սամվել Գասպարյանը։    

Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի կարծիքով, Յուրի Վարդանյանը դժվարին ճանապարհով է անցել իր հաղթանակների հասնելու համար եւ բարդ կլինի այդ հաղթանակները կրկնել։

«Յուրի Վարդանյանը մնայուն պատմություն է թողել։ Ցավում եմ, որ կորցրել ենք նրա նման լեգենդար մարդու, բայց կյանքը շարունակվում է։ Հուսով եմ, որ շատ երիտասարդներ եւ պատանիներ կշարունակեն նրա գործը։ Լավ կլինի, որ մեր ներկայիս հավաքականի անդամներին հաջողվի կրկնել Վարդանյանի հաղթանակները, քանի որ շատ բարդ ճանապարհ է։ Միայն կցանկանամ, որ կրկնեն։ Ում կհաջողվի, չեմ կարող ասել»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ