09:40  ,  17 սեպտեմբերի, 2019

Կարապետ Չալյանի «ողբերգությունը» Նուրսուլթանում (ֆոտո)

Կարապետ Չալյանը ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում եւ զրկվեց աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու հնարավորությունից։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերնպատակն իր համար եզրափակիչ դուրս գալն է, այլ ոչ թե օլիմպիական ուղեգիր նվաճելը։

Կարապետ Չալյանի պարտությունից հետո մարզումային սրահում Հայաստանի թիմը «քարացել» էր։ Չալյանի պարտությունը գցել էր բոլորի տրամադրությունը։ 

Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի, Կարապետը ձեռքից բաց թողեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

«Կարապետ Չալյանի պարտվելն անակնկալ էր եւ անհավատալի։ Մի քայլ, ընդամենը մի քայլ, ինչպե՞ս կարելի է մեկ րոպեում պարտվել սեփական սխալի հաշվին։ Գոտեմարտն 90 տոկոսով հաղթած էր, բայց Չալյանը շատ լարված էր։ Ըմբշամարտում հաղթում են 6 րոպեում, իսկ Կարապետը ժամանակից շուտ հրաժարվեց պայքարից։ Շտապում էր միավոր անել, արդյունքում թույլ տվեց տակտիկական սխալ։ Բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց։ Սա անհավատալի պարտություն էր, քանի որ Կարապետ Չալյանն ուղղակի ձեռքից բաց թողեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նա պետք է երզափակիչում լիներ, քանի որ դա էր իր տեղը։ Սա պատահական պարտություն էր։ Կպայքարի բրոնզե մեդալի համար։ Մեդալները թանկ են, ճիշտ է օլիմպիական վարկանիշ ունենք, բայց այդ վարկանիշը քիչ է՝ պետք է մեդալով վարկանիշ անենք»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Էդուարդ Սահակյանը։

Պարտություն կրելուց հետո Չալյանն ինքն էլ չէր հավատում իր թույլ տված սխալին։ Մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի զայրույթին չափ չկար։ Մարզիչն անդադար նախատում էր Չալյանին թույլ տված սխալի եւ չեմպիոնությունը ձեռքից բաց թողնելու համար, այն դեպքում, երբ ընդամենը մեկ քայլ էր մնացել։

Կարապետ Չալյանի աչքերից արցունքներ էին գնում։ Հանդերձարանում փակվել էր հանգստի սենյակում եւ սրբիչով փակել էր դեմքը, որպեսզի ոչ ոք չտեսնի արցունքները։

Գեւորգ Ալեքսանյանը մարզման սրահում այս ծայրից այն ծայրն էր քայլում եւ ժամանակ առ ժամանակ զայրույթը հայտնում դիմացը դուրս եկած ցանկացածին՝ մարզիչ կամ մարզիկ։

Կարապետ Չալյանը շարունակում է պայքարը աշխարհի առաջնությունում։ Սեպետմբերի 17-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի։ Թե ով է լինելու մրցակիցը, դեռ հայտնի չէ։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով