16:01  ,  2 սեպտեմբերի, 2019

Դավիթ Խիթարյանը՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Դավիթ Խիթարյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգում ռեկտորի ընտրությունն էր:

Ռեկտորի թափուր պաշտոնի միակ թեկնածուն օլիմպիական կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էր:

Նա միաձայն ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Պաշտոնը թափուր էր Վահրամ Առաքելյանի հրաժարականից հետո։

Դավիթ Խիթարյանը ծնվել է 1970 թվականի փետրվարի 20-ին Երեւանում:

1991-1996 թթ. աշխատել է խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոցում որպես մարզիչ:

1992-2005 թթ. Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ձյուդոյի տեսություն եւ մեթոդիկա առարկայի դադախոս, 1998-ին աշխատելէ օլիմպիական պատրաստության կենտրոնում, որպես ձյուդոյի մարզիչ, 1999-ին ազգային հավաքականների կենտրոնում, որպես մարզիչ: 1999-2006 թթ-ին եղել է սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մազադպրոցի մարզիչ: 2006 թվականին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն:

2004 թվականից մինչ օրս աշխատում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում որպես  ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ:

Ունի ձյուդոյի սեւ գոտի 5-րդ դան որակավորում, ձյուդոյի միջազգային, ապա նաեւ օլիմպիական կարգի մրցավար է, Հայաստանի վաստակավո մարզիչ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում