00:43  ,  30 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց եւ դուրս մնաց պայքարից (Live, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ։ Հիմնական ժամանակում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարան դաշտի տերերը։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։ Լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակ տարավ «Դյուդելանժը»։

Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» ստադիոնում առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում էր երեւանյան թիմը։ 21-րդ րոպեին հայկական թիմը ստացել էր 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո լյուքսեմբուրգցի դարպասապահ Ժոնատան Ժուբերը սեյվ կատարեց։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման Կոբյալկոյի փոխանցումից հետո առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։ Դաշտի տերերից 11 մետրանոցը հստակ իրացրեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին, որը 72-րդ րոպեն խփեց նաեւ երկրորդ գոլը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ Նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ։

Հայաստանի չեմպիոններից հենց առաջին հարվածը ձախողեց Պետոր Ավետիսյանը, սակայն Դմիտրի Աբակումովը կարողացավ երկրորդ հարվածը հետ մղել եւ շտկել դրությունը։ Կոջո Ալֆոնսոն հստակ իրացրեց իր հարվածը, Մաիլսոն Լիման, Անժելո Մենեզեսը, Լուիս Օգանան եւս գրավեցին դարպասը։ Իսկ Գեորգի Պաշովը ձախողեց, շեղ հարվածեց եւ «Արարատ-Արմենիան» դուրս մնաց պայքարից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը նույնպես Լյուքսեմբուրի «Ժոզի Բարտել» ստադիոնում էին։

«Արարատ-Արմենիան» Երեւանում հաղթել էր 2։1 հաշվով։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս էր եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, պատասխան խաղ

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա»՝ 2։1 (լրացուցիչ ժամանակ՝ 0։0, 11մ՝ 5։4), (առաջին խաղ՝ 1։2)

Դանել Սինանի, 48, 11մ, 72 - Մաիլսոն Լիմա, 24

Չիրացրած 11մ՝ Անտոն Կոբյալկո («Արարատ-Արմենիա»), 21

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան (Իլյա Անտոնով, 84), Գոռ Մալաքյան (Պետրոս Ավետիսյան, 56), Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ (Զաքարիա Սանոգո, 105), Անտոն Կոբյալկո (Լուիս Օգանա, 75)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս