20:49  ,  22 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» ուժեղ էր «Դյուդելանժից» (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 2։1 հաշվով։

22-րդ րոպեին բուլղարացի կիսապաշտպան Գեորգի Պաշովի փոխանցումից հետո գլխով կատարած հարվածով մրցակցի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը։ 68-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով ռուսաստանցի Դմիտրի Աբակումովի պաշտպանած դարպասը գրավեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Դանել Սինանին։

79-րդ րոպեին երեւանյան թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը։

Ավելացված երրորդ րոպեին Էստոնիան ներկայացնող կիսապաշտպան Իլյա Անտոնովը խփեց «Արարատ Արմենիայի» հաղթական գոլը։ Գոլային փոխանցումը կատարեց նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան։

Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»՝ 2։1

Մաիլսոն Լիմա, 22, Իլյա Անտոնով, 90+3 - Դանել Սինանի, 68

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով