13:50  ,  13 օգոստոսի, 2019

Սփյուռքահայերը դժգոհ են․ Համահայկական խաղերի բոլոր մեդալները նվաճում են հայաստանցիները

Համահայկական խաղերի բոլոր մեդալները Հայաստանի մասնակիցներն են նվաճում: Մենք որեւէ հնարավորություն չունենք: Պետք է ձեռնարկվի ինչ-որ բան, որ դրսից եկած մասնակիցներն էլ կարողանան մեդալներ նվաճել: Հայաստանի թիմերի մասնակիցները հիմնականում պրոֆեսիոնալներ են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամ, Վիեննայի պատվիրակության պատասխանատու Սեպուհ Բաղդոյանը:

Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցները օգոստոսի 13-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաղերի մասնակիցներին Ծիծեռնակաբերդ էին ուղեկցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործադիր մարմնի անդամները: Սակայն ոչ բոլոր մասնակիցներն էին եկել Ծիծեռնակաբերդ. միայն կեսը։

Սակայն Իշխան Զաքարյանի պնդմամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել բոլոր պատվիրակություններն իրենց անդամներով:

«Այսօր բոլոր պատվիրակությունները գտնվում են Ծիծեռնակաբերդում: Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնական ժողովրդի սերունդները: Իրենք պետք է տեսնեն ամեն ինչ, շրջեն թանգարանում: Եվ այցելությունը Ծիծեռնակաբերդ մեր ծրագրի կարեւոր կետերից մեկն է»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Խաղերի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, աղոթեցին եւ  լուսանկարվեցին հուշահամալիրի ֆոնին:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանի խոսքով Վիեննայի պատվիրակությունը միակն է, որը ծաղկեպսակով էր եկել Ծիծեռնակաբերդ:

«2003 թվականից մասնակցում ենք Խաղերին եւ ամեն անգամ մեր տուրքն ենք մատուցում Ծիծեռնակաբերդ այցելելով: Մենք ունենք 6-77 տարեկան մասնակիցներ, որոնք բոլորն այստեղ են եւ, կարծեմ, միակ պատվիրակությունն ենք, որ ծաղկեպսակով ենք եկել Ծիծեռնակաբերդ: Ուրախ ենք, որ Խաղերի բացումը կայացավ Արցախում: Շատ կարեւոր էր մեզ համար, որ Արցախն էլ միացավ: Հակառակ շատ խնդիրների, Արցախը հրաշալի ընդունելություն կազմակերպեց մեզ համար: Չմոռանանք, որ նրանք առաջին անգամ էին ընդունում Խաղերը:

Անկեղծ պետք է լինեմ. Խաղերի կազմակերպվածությունը մի քիչ տկար է այս տարի: Խնդիրներ կան, բայց դրանում ոչ թե կազմակերպիչներն են մեղավոր, այլ մասնակից թիմերը: Հարցեր են ստեղծում, որոնք կազմակերպիչները դժվարանում են լուծել: Խնդիրներ ունենք խաղերում հաղթելու առումով: Հայաստանի եւ Արցախի մասնակիցները պրոֆեսիոնալներ են, մենք շանս չունենք առաջ գնալու: Անկարելի է. մի բան պետք է անենք, որ մի քիչ էլ դրսից եկածները մրցանակներ ստանան, ոգեւորվեն»,- մանրամասնեց Սեպուհ Բաղդոյանը:

Թեհրանի պատվիրակության պատասխանատու, «Սիփան» միության անդամ Ռազմիկ Միրզախանյանը եւս գոհ չէ Խաղերի կազմակերպվածությունից:

«Ուրախ ենք, որ կարողանաք մասնակից լինել Համահայկական խաղերին: Ի դեպ, Թեհրանի թիմն ամենաերիտասարդն է: Կարողացել ենք լավ արդյունքներ գրանցել մեր վոլեյբոլի թիմով: Հույս ունենք, որ դեռ հաջողություններ կունենանք: Բայց Խաղերը կազմակերպված են բավարար, չեմ կարող ասել շատ լավ»,- նկատեց Ռազմիկ Միրզախանյանը:

Կիպրոսի Նիկոսիա քաղաքի պատվիրակության անդամ Անդրանիկ Աշչյանի համար Կիպրոսի թիմի այցելությունը ուխտ է Խաղերի մասնակից կիրպրոսահայերի համար:

«Կիպրոսը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին եվրոպական պետությունն է: Այս առումով կիպրոսահայերի այցելությունը Ծիծեռնակաբերդ մեզ համար շատ կարեւոր էր, որպեսզի վերահաստատենք այն ուխտը, որն իրականցրեց Կիպրոսի հայ համայնքը 60-70-ական թվականներին: Կիպրոսի բոլոր հայկական ընտանիքներում հայոց լեզուն պահպանված է: Մենք բոլորս մեր ընտանիքներում խոսում ենք հայերեն:

Այս Խաղերում մեր թիմի անդամներ լավ են հանդես գալիս, արդեն ունենք մեդալներ մի քանի մարզաձեւերում: Վաղը հանդես կգանք նաեւ աթլետիկա մարզաձեւում եւ հուսանք՝ բարձր արդյունքներով կվերադառնանք Կիպրոս»,- նշեց Անդրանիկ Աշչյանը:   

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Իշխան Զաքարյանը չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի․

«Սա համապատասխան վայրը չէ, որ ես այդ հարցերին պատասխանեմ: Մեկ ուրիշ անգամ մանրամասն կանդրադառնամ դրանց: Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությանը, շատ լավ աշխատում ենք միասին, կա փոխըմբռնման մթնոլորտ»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Քաղաքական հարցերը վրդովեցրին համաշխարհային կոմիտեի անդամներին, որոնք վեճի բռնվեցին լրագրողի հետ, նշելով, որ լրագրողն իրավունք չունի քաղաքական հարցեր տալ Իշխան Զաքարյանին:

Օգոստոսի 13-ը հանգստի օր է: Համահայկական խաղերի մասնակիցները այսօր կայցելեն նաեւ Գառնի եւ Գեղարդ:

Լուսինե Շահբազյան

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով