18:52  ,  27 օգոստոսի, 2012

Լիլիթ Գալոյան. Տրամադրվածությունս մարտական է

«Օլիմպիադա խաղալը պատասխանատու է, քանի որ ոչ միայն քեզ համար ես խաղում, այլ մի ամբողջ թիմի, իսկ քո ամեն մի քայլը կարող է հաջողություն բերել թիմին կամ  դժվարության առջեւ կանգնեցնել»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես բնութագրեց օլիմպիադայում խաղի յուրահատկությունը շախմատի կանանց Հայաստանի հավաքականի երրորդ համար Լիլիթ Գալոյանը:

Հիշեցնենք, որ այսօր, օգոստոսի 27-ին Ստամբուլում տեղի կունենա 40-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադայի բացման արարողությունը:

Լիլիթ, դու չորրորդ անգամ ես խաղում օլիմպիադայում: Ինչպե՞ս ես տրամադրված ստամբուլյան օլիմպիադային:

Տրամադրվածությունս մարտական է: Կան երկրներ, որտեղ լավ մասնակցություն եմ ունեցել, եւ երբ մեկնում եմ նույն երկիր կամ նույն քաղաք, ամեն ինչ շատ  հարազատ է թվում: Իսկ այն երկրներում կամ քաղաքներում, որտեղ վատ եմ հանդես եկել, ինձ համար այդքան էլ հարազատ վայրեր չէն: Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այն ինձ համար ոչ մի բացասական տպավորություն չի ստեղծում: Այնտեղ շատ հայեր են ապրում եւ նրանք բոլորը շախմատի սիրահարներ են: Նրանք շատ հայերնասեր են: Պարզ եւ ջերմ մտերմություն ենք անում բոլորի հետ: Նրանք պոլսահայեր են եւ նրանց հետ իմ ծանոթությունը շատ հաճելի է եղել, հիշվող: Սրանք այն հանգամանքներն են, որոնք ինձ սիրով եւ դրական լիցքերով են տանում Ստամբուլ: Այստեղ ես օլիմպիադայի չեմ խաղացել: Ստամբուլում խաղացել եմ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում` 2003 թվականին: Վերջին տարիներին շատ մրցաշարեր են Թուրքիայում անցկացվում եւ մենք պարբերաբար մասնակցում ենք:

Ի՞նչ հավակնություններ ունի Հայաստանի կանանց հավաքականը:

Մենք գործակցով բավական առաջ ենք, ինչը շատ պարտավորեցնող է: Երբ ամբողջ աշխարհի մասշտաբով գործակցով 5-րդ կամ 6-րդն ես լինում, դա ինքնին խոսում է առաջատար լինելու մասին: Չեմ կարող հստակ պատկերացում տալ մեր հավակնությունների մասին: Պատկերն արդեն պարզ կլինի մեկնարկային 2-3 օրերից հետո:

Թիմի ներսում մի փոքր հուզմունք կա: Յուրաքանչյուրս մեր մեջ ունենք այդ հուզմունքը, քանի որ մեր ուսերին ենք կրում թիմի հաջողությունը: Չես կարող նման կարեւոր մրցաշարից առաջ չանհանգստանալ, քանի որ քո խաղից կախված է մի ամբողջ թիմ: Հուզմունք նաեւ կա այն առումով, որ քեզանից կախված է ոչ միայն թիմային հաջողությունը, այլեւ ազգային հաջողությունը: Ի վերջո մենք ազգ ենք ներկայացնում, պետություն: Սա ավելի պատասխանատու է եւ պարտավորեցնող:

Մարզավիճակիդ մասին ի՞նչ կարող ես ասել:

Օրերս ավարտեցինք մեր հավաքը Ծաղկաձորում: Բոլորս արդյունավետ մարզումներ ենք անցկացրել, քանի որ Ծաղկաձորը շատ տրամադրող եւ հարազատ է բոլորիս համար, այնտեղ մանկուց ենք հավաքներ անցկացնում: Հիշարժան հավաք անցկացրեցինք: Մարզավիճակիս այս պահին գնահատական տալ չեմ կարող: Դա անգուշակելի է. կարող ես շատ լավ մարզավիճակում լինել, սակայն առաջին երկու պարտիան անհաջող սկսելով` կոտրվես: Ամեն ինչ կախված է ընդհանուր վիճակից, այսինքն` ինչպես կսկսես եւ ինչպես կգնա խաղը: Ավելի կարեւոր է հոգեպես հանգիստ լինելը, այն համոզմունքը, որ ինքդ համարես` ամեն ինչ արել ես լավ հանդես գալու համար: Խաղից երկու երեք օր առաջ արդեն հոգեպես պետք է լիարժեք պատրաստ լինես, վստահ լինես ուժերիդ վրա, որ ոչ մի բացթողում չկա մինչեւ խաղատախտակի առջեւ նստելը: Օլիմպիադան բավական բարդ մրցաշար է, մասնավորապես մեր պարագայում` երբ գործակցով լավագույն տասնյակում ենք: Ուղղակի իրավունք չունենք անլրջորեն մոտենալ կամ հանպատրաստի նստել խաղատախտակի առջեւ:

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականի առավելությունը ո՞րն է լինելու:

Այդպես նշել, որ մենք ինչ-որ առումով առավելություն կունենանք օլիմպիադայում, կամ առավելությամբ կամ թերությամբ նկատելի կլինենք, դժվար է նշել: Ժամանակից շուտ չարժե կանխատեսումներ անել, քանի որ լինում են պետություններ, որ գործակցով վերջին տեղերում են լինում, բայց աչքի են ընկնում իրենց թիմային աշխատանքի առավելությամբ: Որպես առավելություն միայն կնշեմ մեր թիմային աշխատանքը, ինչը հաջողության կեսն է:

Լիլիթ, իսկ ո՞վ է քեզ շախմատ խաղալ սովորեցրել:

Շախմատ խաղում եմ ութ տարեկանից: Սովորեցրել է եղբայրս: Նա մինչ օրս ինձ հետ քայլում է շախմատային իմ կյանքում: Շախմատն իմ կյանքում մեծ տեղ է գրավում, քանի որ դասավանդում եմ հայաստանյան մի քանի բուհերում: Կարելի է ասել` ամբողջովին շրջապատված եմ շախմատով. միայն շախմատ խաղալով չեմ սահմանափակվում:  Ամուսնական կյանքին էլ չի խանգարում իմ շախմատային կյանքը, քանի որ սովորական աշխատողից միայն տարբերվում եմ նրանով, որ երկրից պարբերաբար բացակայում եմ: Բայց այդ պարբերական բացակայությունները իմ  ամուսնական կյանքին չեն խոչընդոտում: Ավելին, օգնում են` կարոտում ես: Ամուսինս էլ է օգնում, որ կարողանամ համատեղել մասնագիտությունն ու ընտանիքը: Դա ինձ շատ է ոգեշնչում:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով