01:18  ,  7 օգոստոսի, 2019

Համահայկական խաղերի բոլոր ժամանակների լավագույն բացումը (ֆոտոռեպորտաժ)

Սա Համահայկական խաղերի բոլոր ժամանակների լավագույն բացումն էր: Եվ ուզում եմ առաջարկել այս օրը՝ օգոստոսի 6-ը հայտարարել ազգային տոն սպորտի միջոցով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Համահայկական 7-րդ խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը:

Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Համահայկական 7-րդ խաղերի բացումը (ֆոտոռեպորտաժ) եւ 11 օր ավելի քան 5300 մարզիկ 35 պետությունից, 145 քաղաքից կմրցի լավագույնի կոչման համար:

Օգոստոսի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մի քանի ժամով վերածվել էր աշխարհի հայերի կենտրոն: Խաղերի կազմակերպիչների խոստումները, որ բացման արարողությունը լավագույնն է լինելու 20 տարվա պատմության մեջ, արդարացվեց: Դրա մասին հուշում են բացման արարողության ավարտվելուց հետո մարզադաշտից մասնակիցների չհեռանալը:

Երեկոյան խոստացված ժամին՝ 21:00-ին մեկնարկեց բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի ԱԱԾ պետ, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեյցյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ այլ պաշտոնական անձինք:

Ստեփանակերտի «Հանրապետական» ստադիոնում ազատ տեղ չկար: Բացի մասնակից մարզիկներից, մեծ թվով երկրպագուներ էին ժամանել մարզադաշտ: Մինչեւ Խաղերի բացման պաշտնական արարողակարգին անցնելը, պատմական ակնարկով, շքեղ բեմադրությամբ ըստ ժամանակագրության ներկայացվեցին Հայաստանի պատմական դրվագները։

Բեմադրությունից հետո մարզադաշտ բերվեց Խաղերի դրոշը Օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի առաջնորդությամբ եւ աշխարհի չեմպիոններ Նազիկ Ավդալյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանի ուղեկցությամբ:

Թերեւս ամենահետաքրքիրը մարզական պատվիրակությունների շքերթն էր, որի ընթացքում 5000-ից ավել մարզիկ, մարզիչ անցան մարզադաշտով: Խաղերի ջահը վառեցին օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։ Ջահը եռամիասության խորհուրդ ունի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եւ վառվեց երեք կրակով: Ջահը վառելուց հետո տեղի ունեցավ շքեղ հրավառություն: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց Խաղերը բացված:

Միջոցառման կազմակերպիչները ոչինչ չէին խնայել Խաղերի բացումը մասնակիցների համար անմոռանալի դարձնելու համար: Բացման արարողությունից հետո մասնակիցները չէին հեռանում մարզադաշտից եւ «Հանրապետականը» վերածել էին իսկական դիսկոտեկի: Մարզադաշտից չէր կարողանում հեռանալ նաեւ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: Մասնակիցները մեկը մյուսի հերթ չտալով լուսանկարվում էի Նազիկի եւ նրա որդու հետ: Խաղերը կտեւեն 11 օր: Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին Երեւանում: Խաղերի գլխավոր հովանավորը «Տաշիր Գրուպն» է։

Լուսինե Շահբազյան՝ Արցախից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով