20:46  ,  26 հուլիսի, 2019

Բողոքի ցույց․ Հունահռոմեական ըմբշամարտում ամեն հարց լուծվում է ծանոթ-բարեկամով

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն այս օրերին պատրաստվում է հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը:

Հայաստսանը կմասնակցի ամբողջական կազմով: Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը թիմի կազմում ընդգրկել է Արայիկ Թոփալյանին (45կգ), Կարապետ Մանվելյանին (48կգ), Կարեն Հովհաննիսյանին (51կգ), Սուրեն Աղաջանյանին (55կգ), Արման Վարդանյանին (60կգ), Արման Խաչիկյանին (65կգ), Լյովա Խաչատրյանին (71կգ), Վիգեն Նազարյանին (80կգ), Ռազմիկ Մահլամյանին (92կգ) եւ Ռազմիկ Քուրդյանին (110կգ):

45 կգ քաշային կարգում հայտավորված Արայիկ Թոփալյանի մասնակցությունը դժգոհություններ է առաջացրել այդ քաշային կարգում Հայաստանի փոխչեմպիոն Ռաֆայել Խլղաթյանի հարազատների եւ անձնական մարզիչի մոտ:

Հուլիսի 26-ին նախկին Սպորտի նախարարության շենքի առջեւ պատանի ըմբիշի հարազատները բողոքի ցույց իրականցրեցին: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ 45 կգ քաշային կարգում աշխարհի առաջնությանը պետք է մասնակցի Ռաֆայել Խլղաթյանը, քանի որ Հայաստանի առաջնությունում նա գրավել է երկրորդ տեղը եւ հետ թողել այդ քաշային կարգում արդեն հայտավորված Արայիկ Թոփալյանին:

«Մեր երեխային զրկել են աշխարհի առաջնություն մեկնելու հնարավորությունից: Հավաքականի կազմում Բուլղարիա պետք է մեկներ Ռաֆայել Խլղաթյանը, բայց նրա փոխարեն հայտավորել են իրենից թույլ մարզիկի, որին Ռաֆայելը հաղթել է Հայաստանի առաջնությունում: Նրա փոխարեն կազմ ընդգրկված տղան երրորդ տեղն է զբաղեցրել:

Անարդարություն է տիրում սպորտում, մասնավորապես հունահռոմեական ըմբշամարտում: Մենք եկել ենք այստեղ արդարության պահանջով: Մեզ որեւէ մեկը չդիմավորեց, միայն Ռաֆայելի անձնական մարզիչին եկան եւ ներս տարան: Դիմել ենք սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին, բայց նա էլ մինչ օրս չի պատասխանել:

Արդեն մի քանի օր է ակցիա ենք իրականացնում: Օրեր առաջ էլ առանձին էինք եկել ՀԱՕԿ, ներսում մեզ ասացին՝ կանենք այնպես, ինչպես ուզում ենք: Մինչեւ հունահռոմեական ըմբշամարտը ղեկավարողների անձնակազմը չփոխվի, արդարությունը չի վերականգնվի: Ամեն հարց լուծվում է ծանոթ-բարեկամով»,- ասել է պատանի ըմբիշի տատը:

45 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Հոմերոս Առաքելյանը բաց կթողնի պատանիների աշխարհի առաջնությունը ձեռքի վնասվածքի պատճառով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով