15:45  ,  15 հուլիսի, 2019

Հայաստանի թիմը գերազանցել է Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին (ֆոտո)

Հայ մարզիկները Սեւծովյան երկրների բաց առաջնությունում հետ թողեցին Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին՝ նվաճելով գավաթը եւ այդ հարցում մեր թիմին օգնեցին ԱԻՆ-ի հրշեջ փրկարարները։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։

Բաթումիում կայացած ուժային եռամարտի Սեւծովյան երկրների գավաթի բաց խաղարկությունում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը՝ նվաճելով գավաթը։

«Մասնակցում էր 10 երկրից ավելի քան 200 մարզիկ։ Մասնակից երկրների շարքում էր նաեւ Թուրքիան, Ադրեջանը։ Թիմային հաշվարկում գրավեցինք առաջին տեղը, երկրորդ տեղում Վրաստանն էր, 3-րդը՝ Իրանը։ Պայքարից դուրս թողեցինք Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին։

Հայաստանը մասնակցեց մեծահասակների, երիտասարների եւ պատանիների հավաքականով։ Թիմի կազմում էին նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկներ, որոնք նույնիսկ աշխարհի ռեկորդներ սահմանեցին։ Մրցավայր էինք մեկնել 50-ից ավելի մարզիկներով։ Մեր թիմի կազմում կային նաեւ ԱԻՆ-ի հրշեջ փրկարարներ, մայրեր, որոնք իրենց երեխաների հետ էին դուրս եկել մրցահարթակ։ Հայաստանի թիմի փայլուն հաղթանակը մեծ արձագանք ստացավ մասնակից երկրների շրջանում։ Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն էլ ինձ առաջինը պարգեւատրեց, աշխարհում եռամարտի տարածման ու զարգացման մեջ ներդրում ունենալու համար»,- ասաց Գագիկ Սարոյանը։

Հայաստանի պաուերլիֆթինգի ֆեդերացիան համագործակցում է Պաշտպանության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։

«Մեր աշխատանքի շեշտը դրված է բանակի եւ ԱԻՆ-ի վրա։ Հավաքականի կազմում Բաթում էին մեկնել նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցներ։ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Զորիկ Պողոսյանը 90 կգ քաշային կարգում եռամարտի 325 կգ ընդհանուր արդյունքով դարձավ չեմպիոն եւ ընդգրկվեց լավագույն մարզիկների տասնյակում։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող Յուրի Սաքունցը 67,5 կգ քաշային կարգում երկամարտի 295 կգ արդյունքով դարձավ 23 տարեկանների բացարձակ չեմպիոն։

Մեզ աջակցում է Հայաստանի սպորտի նախարարությունը, ՀԱՕԿ-ը։ Ունենք պետական ֆինանսավորում։

Պետական ֆինանսավորմամբ հուլիսի 25-26-ը Սեւանում կանցկացնենք պատանիների Հայաստանի առաջնություն եւ մեծահասակների բաց առաջնություն։

Շուրջ 3 տարի է համագործակցում ենք նաեւ Հայաստանի գաղութների վարչության հետ։ Թույլտվություն ունենք բոլոր գաղութներից մասնակիցներ ունենալ ինչպես ներքին առաջնություններին, այնպես էլ գաղութային։ Գաղութի մարզիկները մասնակցում են սեղմում պառկած վարժությունում։ Հուլիսի 25-ին մեկնարկող Հայաստանի առաջնությունում կունենանք մասնակիցներ նաեւ Կոշի գաղութից։

Համագործակցում ենք նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ եւ ունենք մարզիկներ, որոնք մասնակցել են նաեւ ծանրամարտի Հայաստանի առաջնություններին եւ դարձել մրցանակիրներ»,- նշեց Գագիկ Սարոյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում