10:52  ,  24 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականներ. Գրետա Վարդանյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող 14-րդ Պարալիմպիկ խաղերում Հայաստանի օլիմպիականներին:

Գրետա Վարդանյան. ծանրամարտ, 48 կգ քաշային կարգ

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 20-ին։

Մարզիչն է  Սամսոն Խաչատրյանը։

Ամուսնացած է, ունի դուստր։

Օլիմպիական ուղեգիր ստացել է սպիտակ քարտով:

Պրոֆեսիոնալ ծանրամարտով զբաղվում է 2005 թվականից։

2007-ին Հունաստանի Կավալա քաղաքում կայացած միջազգային մրցաշարում գրավել է  երկրորդ տեղը:

2008-ին մասնակցել է Պեկինի Պարալիմպիկ խաղերին:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարում մինչեւ 48 կգ քաշային կարգում 75 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

2011-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած միջազգային մրցաշարում գրավել է երրորդը տեղը:

Գրետա Վարդանյան

Ամեն ինչ սկսվեց 2005 թվականին.

«Ծանրամարտը դժվար մարզաձեւ է: Պետք է ուժեղ լինես թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ծանրաձող առաջին անգամ վերցրել եմ 2005 թվականին: Այդ տարի առաջին անգամ ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել հայաստանյան մրցումների: Աստիճանաբար ընդգրկվեցի տարբեր մրցաշարերում եւ լավ արդյունքներ ցուցադրեցի: Արդեն 2007 թվանակին առաջին քայլերս կատարեցի միջազգային մրցասպարեզում»:

Աղջկաս ապացուցում եմ, որ նա «ուժեղ» մամա ունի

«Իրականում մրջազգային մրցաշարերի արդեն բազմաթից փորձեր ունեմ, բայց սա այնպիսի սպորտաձեւ է, որ պետք է բացի ուժից նաեւ հաջողություն ունենաս: Իսկ հաջողությունը կախված է անվախ լինելուց: Իսկ ես ունենալով այդքան փորձ, մինչեւ այսօր հոգուս խորքում վախ ունեմ: Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, կապ չունի որ երկրում եմ եւ որերորդ անգամ, ամեն անգամ այդ վախը սրտումս կա, որ չի ստացվելու. ամեն ինչ խառնվում է իրար: Բայց դա ինձ այդքան չի խանգարում, միջին չափի է լինում այդ վախի ազդեցությունը: Հոգեբանական խնդիրներ բնական է, որ լինում, եւ դրանցից փախչել հնարավոր չէ: Բայց երբ մտածում եմ, որ վարժությունը կատարելուց հետո պետք է զրուցեմ աղջկաս հետ, վախն անցնում է, քանի որ ես պետք է նրան պատմեմ, թե որքան ուժեղ մամա ունի ինքը»:

Մեկնում եմ Լոնդոն

«Ուրախ եմ, որ ես երկրորդ անգամ եմ հնարավորություն ստանում ուժերս փորձել Պարալիմպիկ խաղերում: Սա իմ երկրորդ Խաղերն են: Առաջին անգամ օլիմպիական մրցահարթակ եմ դուրս եկել 2008 թվականին Պեկինում, բայց ցավոք, չունեցա ոչ մի մեդալ, քանի որ չստացվեց ելույթս:

Օլիմպիական խաղերն անկանխատեսելի են. հնարավոր է եւ հրաշքներ, եւ բարձրունքներ, եւ անկումներ: Ինձ համար միայն պայքարն է մարզիկների հետ, ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում: Չեմ ցանկանում միայն մասնակցություն ապահովեմ, մեկնում եմ Լոնդոն մեդալ նվաճելու ձգտումով: Ինձ համար մեդալն է կարեւոր»:

Ակնկալիքներ

«Ակնկալում եմ հաջողության: Որքան օրերը մոտենում են, այնքան չեմ կարողանում քնել գիշերները. սպասումները շատ մեծ են: Սա արդեն իմ երկրորդ փորձն է Օլիմպիական խաղերում, բայց դեռ չեմ կարողանում ազատվել վախից: Ամեն անգամ ինչ-որ վախ կա, որ կարողանամ այդ վախը հաղթահարել` մեդալի կհասնեմ:

Պարալիմպիկ խաղերում չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ Է 130կգ-ի արդյունք ցույց տալ: Բայց ես դա ինձ համար անիրական եմ համարում: Եթե կարողանամ 100-105 կգ  արդյունք ցույց տալ, բրոնզի կամ արծաթի կհավակնեմ: Սպասում եմ միայն լավ արդյունքի:

Եթե ինձ ժպտա հաջողությունը ես ես որեւէ մեդալով վերադառնամ հայրենիք, մեդալը կնվիրեմ աղջկաս, քանի որ նա է ինձ ուժ հաղորդում եւ վստահություն: Նա է ինձ ոգեշնչում, եւ առաջինը անմիջապես նրա հետ կխոսեմ, որ ասեմ, թե ինչ ուժեղ է իր մաման»:

Սամսոն Խաչատրյան

«Գրետան արդեն յոթ տարի զբաղվում է ծանրամարտով: Այդ ընթացքում նա մեծ նվաճումներ է ունեցել, բազմաթիվ մեդալների է արժանացել: Այս Օլիմպիական խաղերում նրա հավակնությունները մեծ են լինելու, քանի որ նախորդ մրցաշարերը փոքրամասշտաբ են եղել եւ ոչ օլիմպիական: Մեդալի հույսեր կան, բայց խոստանալ չեմ կարող: Կարծում եմ` նրա մեդալներն ամեն ինչ հուշում են»

Գրետա Վարդանյանը օլիմպիական մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 1-ին 48 կգ քաշային  կարգում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո` Սոնա Բարսեղյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով