14:04  ,  27 մայիսի, 2019

ՈւԵՖԱ-ն «Արսենալին» արգելել է Հենրիխ Մխիթարյանին նվիրված ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ, գրում է Daily Mail-ը:

«Արսենալի» ֆուտբոլիստները քննարկել են ստեղծված իրավիճակը եւ որոշել են եզրափակիչից առաջ նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի ազգանունով շապիկներով, սակայն ՈւԵՖԱ-ն թույլ չի տա անցկացնել այդպիսի ակցիա: Ըստ կանոնակարգի՝ նմանատիպ գործողությունները պետք է համաձայնեցված լինեն վերադաս մարմինների հետ, իսկ ՈւԵՖԱ-ում դեմ են այդպիսի ակցիայի անցկացմանը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում