14:04 27 մայիսի, 2019Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ, գրում է Daily Mail-ը:
«Արսենալի» ֆուտբոլիստները քննարկել են ստեղծված իրավիճակը եւ որոշել են եզրափակիչից առաջ նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի ազգանունով շապիկներով, սակայն ՈւԵՖԱ-ն թույլ չի տա անցկացնել այդպիսի ակցիա: Ըստ կանոնակարգի՝ նմանատիպ գործողությունները պետք է համաձայնեցված լինեն վերադաս մարմինների հետ, իսկ ՈւԵՖԱ-ում դեմ են այդպիսի ակցիայի անցկացմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.