22:01  ,  23 մայիսի, 2019

#BoycottBaku. «Արսենալի» երկրպագուները սկսել են ստորագրահավաք (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները սկսել են ստորագրահավաք եւ պահանջում են փոխել «Չելսիի» դեմ Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպման անցկացման վայրը:

Անգլիացի երկրպագուները նման որոշում են կայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշման պատճառով:

«Արսենալի» երկրպագուները #BoycottBaku հեշթեգով կոչ են անում բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաքում:

«Չելսիին» ու «Արսենալին» Եվրոպայի լիգայի եզրափակիչը բոյկոտելու խորհուրդ էր տվել նաեւ CNN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ու «Արսենալը» մտադիր են Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս վերադարձնել ՈւԵՖԱ-ին:

ՈւԵՖԱ-ն «Արսենալին» եւ «Չելսիին» տրամադրել էր 5800-ական տոմս, ինչը ստադիոնի տեղերի 10 տոկոսն է: Դրա պատճառը Բաքվի օդանավակայանի տարողունակության խնդիրն է:

Չվերթների սահմանափակ քանակությունը եւ գները, հեռավորությունը, վիզաների հետ կապված խնդիրներն ու հանդիպման անցկացման ուշ ժամը գլխավոր պատճառներն են, որոնք անգլիացի երկրպագուներին ստիպել են հրաժարվել ուղեւորությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալն» ՈւԵՖԱ-ին քննադատել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:

«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով