21:40  ,  23 մայիսի, 2019

CNN-ը «Չելսիին» ու «Արսենալին» խորհուրդ է տվել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը (ֆոտո)

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» միջեւ Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին:

Ամերիկյան CNN ալիքն անգլիական ակումբներին խորհուրդ է եվել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որպեսզի ՈւԵՖԱ-ն ստիպված լինի հանդիպումն անցկացնել այլ վայրում:

Բրիտանական Daily Mail-ը, անդրադառնալով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշմանն ու այն տեղեկությանը, որ «Չելսին» ու «Արսենալը» մտադիր են Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս վերադարձնել ՈւԵՖԱ-ին, սոցցանցերում կատարել է հետեւյալ գրառումը. «Իսկ ո՞վ է լինելու եզրափակիչում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալն» ՈւԵՖԱ-ին քննադատել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:

«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով