00:02  ,  23 հոկտեմբերի, 2026

Մանուել Տուլիպա․ Հույս ունեմ, որ դասեր կքաղենք այս ցավալի պարտություններից

Հասկանում եմ, որ երկրպագուների համար այս երեք պարտությունները շատ ցավոտ են: Հասկանում եմ նրանց տխրությունը: Ունենք խնդիրներ: Այս իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը այդ խնդիրներն են եւ դրանցից  քաղած դասերը: Հույս ունեմ, որ դասեր կքաղենք այս ցավալի պարտություններից,  փորձի պաշարով կշարժվենք առաջ եւ հաջողություն կունենանք մյուս խաղերում:

Այսպես հոլանդական «ԱԶ Ալկմարից» կրած պարտությունը մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին» եւ պարտվեց 0:4 հաշվով։

«Եթե դիտարկեինք միայն առաջին խաղակեսը, կարող էինք ասել, որ խաղի հաշիվն  արտացոլում է արդյունքը, բայց երկրորդ խաղակեսի առաջին 20-25 րոպեների մասին այդ կարծիքը չունեմ, քանի որ լավ խաղ անցկացրինք:

Առաջին խաղակեսում չմտանք խաղի մեջ, նույնիսկ չէինք կարողանում մեր կիսադաշտից դուրս գալ: Երկրորդ խաղակեսում 20-25 րոպեն շատ լավ էինք խաղում, ագրեսիվ էինք, լավ գրոհներ էինք կազմակերպում եւ մի քանի դրվագում շատ մոտ էինք մրցակցի դարպասը գրավելուն:

Չմոռանանք, թե որքան բարդ մրցաշարում ենք հանդես գալիս եւ գիտեինք, որ ուժեղագույն մրցակիցների դեմ ենք խաղալու: Առաջին խաղակեսում իմ թիմի խաղից գոհ չեմ, բայց երկրորդ խաղի առաջին հատվածից գոհ եմ:

Պատասխանատվություն ունեմ խաղերի ընթացքում մտածել որպես մարզիչ, այլ ոչ որպես երկրպագու: Այս մի խաղով մրցաշրջան չի ավարտվում, դրա համար  20-25 րոպեների ընթացքում գնացի փոփոխությունների հաշվի առնելով առաջիկա խաղերը:  Նույնը չի պարտվել 0:2 եւ 0:4, բայց ես փոփոխությունների գնացի՝ հաշվի առնելով, թե ինչ հանդիպումներ են մեզ սպասվում:

Հասկանում եմ, որ երկրպագուների համար այս երեք պարտությունները շատ ցավոտ են: Հասկանում եմ նրանց տխրությունը: Այսօր մեր երկրպագուները շատ լավ էին աջակցում մեզ եւ ցավալի պարտություն ունեցանք: Ունենք խնդիրներ: Այս իրավիճակից դուրս գալու միակ հնարավորությունը այդ խնդիրներն են եւ դրանցից  քաղած դասերն են: Ցավոտ հանդիպումներն ու դրանցից քաղած դասերն են մեզ բերել եւ հասցրել Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:

Նախորդ անգամ ասել էի, որ Լիգայի փուլում 4 խաղում ունենք միավոր վաստակելու հնարավորություն: Դրանցից մեկը «Յագելոնիան» էր, որտեղ չկարողացանք միավոր կորզել: Առջեւում եւս երեք հանդիպում կան, որտեղ միավորներ վաստակելու մեծ հույս ունեմ:

Հույս ունեմ, որ մեր ֆուտբոլիստները, մենք դասեր կքաղենք այս ցավալի պարտություններից, փորձի պաշարով կշարժվենք առաջ եւ հաջողություն կունենանք մյուս խաղերում:

Նույն կերպ շարունակում եմ վստահել իմ ֆուտբոլիստներին: Գոհ եմ նրանցից:  Գիտեինք, որ շատ դժվար է լինելու, ունեինք նաեւ կորուստներ վնասվածքների պատճառով: Ամբողջությամբ վստահում եմ իմ տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներին: Մեր կազմում ունենք ֆուտբոլիստներ, որոնք մտնում են խաղադաշտ եւ փոխում խաղի ընթացքը: Այս բարդ իրավիճակում փորձում ենք պահել փոխադարձ վստահությունը:

Չեմ վախենում բարդ մրցակիցներից, ինձ համար այս ճանապարհն ավելի շատ սովորելու հնարավորություն է:

Մենք միավորներ վաստակելու ենք: Չեմ վախենում առաջիկա մարտահրավերներից եւ մեծ ոգեւորությամբ շարունակելու եմ այս թիմի հետ առաջ շարժվել:

Հուսով եմ, որ մեր առավելագույնը կանենք: Ուզում եմ, որ Եվրոպայի լիգայում լավ խաղալով հավաքենք փորձ եւ դասեր քաղենք: Ինձ համար կարեւոր է, որ թիմը, որքան հնարավոր է լավ խաղա եվրոպական ասպարեզում»,- ասաց Մանուել Տուլիպան:

Հաջորդ տուրում երեւանյան թիմը նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի պորտուգալական «Տորենսեին», որն այս տուրում 1:4 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News