00:50  +04,  23 մայիսի, 2019

«Չելսին» ու «Արսենալը» Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս կվերադարձնեն ՈւԵՖԱ-ին

Լոնդոնի «Արսենալը» եւ «Չելսին» մտադիր են հրաժարվել Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին իրենց հասանելիք տոմսերի մի մասից:

The Times-ի համաձայն՝ 2 ակումբները միասին կվերադարձնեն 6000 տոմս, քանի որ վաճառել են համապատասխանաբար 3500 եւ 2000 տոմս:

ՈւԵՖԱ-ն «Արսենալին» եւ «Չելսիին» տրամադրել էր 5800-ական տոմս, ինչը ստադիոնի տեղերի 10 տոկոսն է: Դրա պատճառը Բաքվի օդանավակայանի տարողունակության խնդիրն է:

Չվերթների սահմանափակ քանակությունը եւ գները, հեռավորությունը, վիզաների հետ կապված խնդիրներն ու հանդիպման անցկացման ուշ ժամը գլխավոր պատճառներն են, որոնք անգլիացի երկրպագուներին ստիպել են հրաժարվել ուղեւորությունից:

Անգլիական ակումբների վերադարձրած տոմսերը կկարողանան ձեռք բերել տեղացի երկրպագուները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալն» ՈւԵՖԱ-ին քննադատել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:

«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչին:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս