10:53  ,  8 նոյեմբերի, 2016

Marca. «Մխիթարյանի գործը» հանելուկ է մնում

Marca-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծած իրավիճակին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

Իսպանական հեղինակավոր պարբերականը հիշեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքն ու Դորտմունդի «Բորուսիայի» կազմում նրա տպավորիչ արդյունավետությունը նախորդ մրցաշրջանում:

«Մխիթարյանի բացակայությունը մեծ դժգոհություն է առաջացնում ակումբի երկրպագուների շրջանում: Փոխարենը Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ Մխիթարյանին ժամանակ է հարկավոր անգլիական ֆուտբոլին հարմարվելու համար»,- գրում է Marca-ն:

Պարբերականը հիշեցրել է նաեւ Անխել Դի Մարիայի անհաջող տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Արգենտինացի կիսապաշտպանը, Մադրիդի «Ռեալից» տեղափոխվելով անգլիական ակումբ, շուտով ստիպված եղավ լքել թիմը:

«Նախորդ հինգշաբթի օրը Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերադարձավ խաղադաշտ եւ մասնակցեց «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խաղին, սակայն «Սուոնսիի» հետ հաջորդ հանդիպմանը նա դարձյալ բացակայում էր: Տեղափոխությունից 4 ամիս անց նա պաշտոնական խաղերում միայն 133 րոպե է անցկացրել խաղադաշտում: «Մխիթարյանի գործը» հանելուկ է մնում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին, որը պատրաստվում է Չեռնոգորիայի դեմ նոյեմբերի 11-ին Երեւանում կայանալիք աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով