16:22  ,  21 հուլիսի, 2016

Մարիո Գյոտցեն վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի վերադարձի մասին Մյունխենի «Բավարիայից»: Բուժզննումից հետո կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր:

«2013-ին «Բավարիա» տեղափոխվելը գիտակցված որոշում էր: Այն ժամանակ «Բորուսիայի» երկրպագուներից շատերը ինձ չհասկացան: Կցանկանայի դարձյալ հանդիպել այդ մարդկանց եւ իմ մրցելույթներով փոխել նրանց կարծիքը: Իմ նպատակը դարձյալ լավագույն ֆուտբոլ ցուցադրելն է»,- Մարիո Գյոտցեի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

24-ամյա Գյոտցեն Մյունխենում անցկացրած երեք տարում դարձել է Գերմանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր: 2014-ին Գերմանիայի հավաքականի կազմում նա խփեց աշխարհի առաջնության եզրափակիչի հաղթական գոլը Արգենտինայի դարպասը՝ Բունդեսթիմին պարգեւելով աշխարհի գավաթը:

Գյոտցեն 6 տարեկանից ապրել է Դորտմունդում, 2001-ից հանդես է եկել «Բորուսիայի» մանկական թիմերում, 2008-ին նորամուտն է նշել գլխավոր թիմում, որի հետ դարձել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն: 2013-ին «Բավարիա» էր տեղափոխվել 37 միլիոն եվրոյով:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Բորուսիան» այժմ նրա տրանսֆերի համար վճարել է մոտ 25 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում