Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Սերոբյանի գլխավորած մեծահասակների հավաքականը: Հայաստանի թիմը երկրորդ խմբում է հանդես գալիս:
Հայաստանի թիմից առաջինը պայքարը սկսեցին բազմամարտի մասնակիցները՝ Գագիկ Խաչիկյանն ու Էրիկ Բաղդասարյանը: Նժույգ թափերի որակավորման փուլում մասնակցեց նաեւ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Հայաստանի հավաքականի ավագը վարժությունն ավարտեց ոչ լիարժեք: Տրիբունաներից հետեւող եւ երկրպագող Հակոբ Սերոբյանը զայրացավ: Մերդինյանը որակավորման փուլում վաստակեց 13.900 միավոր: Արդյունքը չգոհացրեց նաեւ իրեն: Եզրափակիչ դուրս եկած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնա որակավորման փուլի բոլոր խմբերի ավարտից հետո, ուշ երեկոյան:
Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի Փարիզի օլիմպիական ուղեգիր նվաճած օղակների վարժության առաջատար Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթակիրը նախորդ օրը մարզման ընթացքում ուսի վնասվածք է ստացել: Այդ մասին մրցավայրում հայտնեց Վահագն Դավթյանը: Փարիզ-2024-ին պատրաստվող մարմնամարզիկն այսօր թիմակիցների մրցելույթներին հետեւում է երկրպագուի կարգավիճակում:
Օղակների վարժության որակավորման փուլում՝ բազմամարտում մասնակցում են Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում