00:15  ,  17 հուլիսի, 2016

Մխիթարյանը վերջ դրեց Ռունիի կարիերային. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների արձագանքը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները տպավորված են թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղով: Անգլիական «Ուիգանի» դեմ արտագնա ընկերական խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցել էր առաջին խաղակեսին՝ նորամուտը նշելով Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: Eurosport-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ամենատպավորիչ թվիթերյան գրառումները Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը վերջ դրեց Ռունիի կարիերային: Նա հիանալի տեսք ուներ 10 համարի դերում»:

«Մխիթարյանին կանգնեցնելը նույնքան բարդ է, որքան նրա ազգանունն արտասանելը: Հենրիխը ցուցադրեց գնդակի հետ աշխատելու բարձր կարգ: Նա պարզապես հրաշագործ է»:

«Հենրիխն, իսկապես, տպավորեց: Նա բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարելու այս մրցաշրջանում»:

«Մխիթարյանն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստն է: Նա քամու պես անցնում էր պաշտպանների միջով: Լավն էր Դեպային հասցեագրված փոխանցումը կրնկով»:

«Հենրիխը տպավորիչ էր ու ակտիվ: Մեմֆիս Դեպայն էլ պետք է ապացուցի, որ արժանի է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հիշեցնենք, որ «Ուիգանի» դեմ հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանի հասցեին գովեստի խոսքեր էր ասել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Հայ կիսապաշտպանը խաղում էր 10 համարի մարզաշապիկով, որը պատկանում է Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիին: Անգլիացի հարձակվողը չէր հայտավորվել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում