20:10  ,  16 հուլիսի, 2016

Ժոզե Մոուրինյո. Այժմ Հենրիխ Մխիթարյանը լավագույններից է 27-28 տարեկան խաղացողների շրջանում

Հենրիխ Մխիթարյանը հիանալի է: Նրա ֆուտբոլային մտածելակերպը շատ արագ է: Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն ընկերական խաղում անգլիական «Ուիգանի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո պատմել է տպավորությունների մասին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին:

«Շատ ուրախ եմ հաղթանակի համար: Արդյունքն ամենակարեւորը չէ ընկերական խաղում, թեեւ այն միշտ կարեւոր է: Ամեն ինչ հաջող անցավ: Լավ մարզում անցկացրինք հանդիպման տեսքով եւ զգացինք երկրպագուների աջակցությունը: Ուրախ եմ, որ տեսա որոշ դրական կողմեր պաշտպանությունում եւ հարձակման գծում՝ մշակված մարզումների ընթացքում: Ֆուտբոլիստների մարզավիճակը դեռ թույլ չի տալիս ամեն ինչ անել իդեալական, քանի որ մենք մարզվել էինք միայն 10 օր: Գլխավորն այն է, որ խաղացողներն աստիճանաբար սկսում են մտածել ու աշխատել այն ուղղությամբ, որը ես ցանկանում եմ տեսնել: Կփորձեմ ամբողջությամբ արդարացնել երկրպագուների սպասելիքները:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա թոփ մակարդակի խաղացող է: Այժմ նա լավագույններից է 27-28 տարեկանների շրջանում: Հենրիխը հիանալի է: Նրա ֆուտբոլային մտածելակերպը շատ արագ է: Շատ հետաքրքիր է, թե ինչպես է նաեւ կասեցնում գնդակը: Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում: Օրինակ՝ հարձակվողի թիկունքում նա չունի սրություն, սակայն նրա արդյունավետությունը շատ դրական էր»,- հանդիպումից հետո ակումբի կայքի հետ զրույցում ասել է Մոուրինյոն, որն այդ խաղում նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում: 

Հիշեցնենք, որ «Ուիգանի» դեմ խաղի առաջին խաղակեսին մասնակցեց նաեւ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը, որը նույնպես նորամուտը նշեց Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում