14:03  ,  26 ապրիլի, 2024

ԵԱ․ Եզրափակիչում այսօր մրցահարթակ դուրս կգան Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը

Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության երրորդ մրցումային օրը տեղի մեկնարկում են առանձին գործիքների եզրափակիչները:

Ապրիլի 26-ին տեղի կունենան  նժույգ թափերի, օղակների եւ ազատ վարժությունների եզրափակիչները: Հայաստանի թիմից մեդալների համար կպայքարեն Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Ավետիսյանը կմասնակցի օղակների վարժության եզրափակիչում: Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնը օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել էր 14.633 միավորով:

Նժույգ թափեր վարժությունում մեդալի համար կպայքարի Գագիկ Խաչիկյանը: Որակավորման փուլում Խաչիկյանը վաստակել էր 14.600 միավոր:

Գագիկ Խաչիկյանի մասնակցությամբ նժույգ թափեր վարժության եզրափակիչը կմեկնարկի 20:45-ին:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Գագիկ Խաչիկյանի մրցակիցները կլինեն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի չեմպիոն ուկրաինացի Օլեգ Վերնյաեւը, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իռլանդացի Ռիս Մաքքլենագանը, Եվրոպայի փոխչեմպիոն, հոլանդացի Լորան դե Մանքը, Պեկինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, խորվաթ Ֆիլիպ Ուդեն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ռիմինիում բազմամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճած, Կիպրոսի ներկայացուցիչ Մարիոս Գեորգիուն, նաեւ Մատեո Գյուբելինին (Շվեցարիա), Իլյա Լյուբիմովը (Իսրայել) եւ Լեւան Սխիլաձեն (Վրաստան):

Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ օղակների վարժության եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:35-ին:

Ավետիսյանի մրցակիցները եզրափակիչում կլինեն Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, հունացի Էլեֆտերիոս Պետրունիասը, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասիլը, Եվրոպայի փոխչեմպիոն, ավստրիացի Վինսես Հյոքը, աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, իտալացի Սալվատոր Մարեսկան,  աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բրիտանացի Քորթնի Տուլոչը, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, թուրք Իբրահիմ Չոլակը եւ Ադրբեջանը ներկայացնող, աշխարհի գավաթի խաղարկության բազմակի մեդալակիր Նիկիտա Սիմոնովը:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 26-ին:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում