21:33  ,  6 հուլիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիային»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային», թիմի ղեկավարությանը, աշխատակազմին ու երկրպագուներին:

«Երբեք չեմ մոռանա Բունդեսլիգայում անցկացրած ժամանակահատվածը: Բոլոր հիշողությունների համար շնորհակալություն Դորտմունդի «Բորուսիային»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը՝ տեղադրելով Գերմանիայի ավարտված առաջնությունում իր բոլոր գոլերի ու գոլային փոխանցումների տեսանյութը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Տրանսֆերի պաշտոնական արժեքը չի հրապարակվել: Գերմանական Bild-ը նշում է 42 միլիոն եվրոյի մասին, իսկ անգլիական Daily Mail-ը Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար կիսապաշտպանը կստանա 8 միլիոն եվրո բոնուս, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո:

Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ հայ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում էր 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով