09:10  ,  19 հունվարի, 2016

Արեւմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, հայտնում է մրցաշարի կայքը:

Մրցաշարը կմեկնարկի 2016-ի մայիսի 28-ին եւ կանցկացվի Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում:

Մասնակիցների թվում են 12 հավաքականներ՝ Աբխազիա, Չագոս, Քուրդիստան, Հյուսիսային Կիպրոս, Պադանիա, Պենջաբ, Ռաեթիա, Գնչուներ, Սապմի, Սոմալիլենդ, Միավորված կորեացիներ Ճապոնիայում եւ Արեւմտյան Հայաստան: Բոլոր խաղերը կանցկացվեն Սուխումիի «Դինամո» ստադիոնում:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը վերջերս ընկերական խաղ էր անցկացրել ֆրանսիական «Մարսելի» երկրորդ թիմի հետ՝ պարտվելով 2:3 հաշվով:

Արեւմտյան Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են՝ «Յու Էս Նուբար» ակումբի դարպասապահ Ժիլբետ Ցատիկօղլուն, ֆրանսիական «Արարատ Իսու» ակումբի կիսապաշտպան Դիկրան Օզկուլ Կապուկյանը, ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինեսի» ֆուտբոլիստներ Վիգեն եւ Լորիս Վալենզա-Բերբերյանները, Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Աիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում