01:44  ,  18 նոյեմբերի, 2015

Եվրո-2016-ի բոլոր մասնակիցները

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր մասնակիցները: Վերջին 4 հաջողակները դարձան Հունգարիայի, Իռլանդիայի, Ուկրաինայի եւ Շվեդիայի հավաքականները, որոնք ուղեգիր նվաճեցին երրորդ տեղ գրաված 8 թիմերի միջեւ անցկացված անցումային խաղերի արդյունքում:

Մինչեւ այս Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում մրցաշարի կազմակերպիչ երկիր Ֆրանսիայի պես իրենց տեղն արդեն ապահովել էին՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Խորվաթիան եւ Թուրքիան։ Թուրքերը նման պատվի էին արժանացել ընտրական 9 խմբերում երրորդ տեղ գրաված թիմերի միջեւ լավագույն ցուցանիշն ունենալու շնորհիվ:

1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց հոլանդացիների, որոնք չորրորդ տեղն էին գրավել ընտրական A խմբում (Չեխիա, Իսլանդիա, Թուրքիա, Հոլանդիա, Ղազախստան, Լատվիա)։

Եվրո-2016-ն անցկացվելու է 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը եւ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ: Եվրոպայի գործող չեմպիոնն Իսպանիայի հավաքականն է: 

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին Փարիզում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով