16:20  ,  14 հոկտեմբերի, 2015

Ինչի՞ շնորհիվ թուրքերը նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը դարձավ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարից երրորդ տեղով Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճած միակ թիմը։

Եվրո-2016-ի կանոնակարգի համաձայն՝ ընտրական 9 խմբերում ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը: Երրորդ տեղ գրաված Ուկրաինան ու Նորվեգիան մեկ միավոր ավելի էին հավաքել Թուրքիայից, սակայն ուղեգիրը բաժին հասավ թուրքերին, քանի որ վերջին՝ 6-րդ տեղում հայտնված թիմերի հետ արդյունքները հաշվարկից դուրս են այս դեպքում։

Թուրքիայի հավաքականին շատ օգնեց վերջին տուրում ղազախների արտագնա հաղթանակը Լատվիայի նկատմամբ։ Այդ հաղթանակի շնորհիվ Ղազախստանի  հավաքականը հեռացավ վերջին տեղից, որում հայտվեցին լատվիացիները։ Բանն այն է, որ ղազախների դեմ 2 խաղեորւմ Թուրքիայի թիմը տարել էր 2 հաղթանակ, իսկ Լատվիայի հետ 2 հանդիպումներում կորցրել էր 4 միավոր (գրանցվել էր 2 ոչ ոքի)։

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում մրցաշարի կազմակերպիչ երկիր Ֆրանսիայի պես իրենց տեղն ապահովել են նաեւ՝ Անգլիան, Չեխիան, Իսլանդիան, Ավստրիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը, Իտալիան, Բելգիան, Ալբանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Խորվաթիան։ 1984 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը կանցնի առանց հոլանդացիների, որոնք չորրորդ տեղն էին գրավել A խմբում (Չեխիա, Իսլանդիա, Թուրքիա, Հոլանդիա, Ղազախստան, Լատվիա)։

Խմբերում երրորդ տեղ զբաղեցրած մյուս 8 հավաքականները՝ Նորվեգիան, Ուկրաինան, Դանիան, Շվեդիան, Սլովենիան, Հունգարիան, Իռլանդիան ու Բոսնիա-Հերցեգովիան, անցումային խաղերով կվիճարկեն վերջին 4 ուղեգրերը: Հոկտեմբերի 18-ին կայանալիք վիճակահանության արդյունքում այդ 8 թիմերը կբաժանվեն 4 զույգերի, որոնցում հաղթողները կնվաճեն Եվրո-2016-ի ուղեգիր:

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու են 24 հավաքականներ: Եվրո-2016-ի կազմակերպիչ երկիր Ֆրանսիան եւս մասնակցում էր ընտրական փուլին, սակայն հաշվարկից դուրս է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս